Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը այն կառույցն է, որը կոչված է լուծելու ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը` անվճար հիմունքներով և սեղմ ժամկետներում:
Այն գործում ենք 2009թ.-ի հունվարի 24-ից, ստեղծվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, իր հիմնադիրն է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառույց է, որն ունի առանձին կառավարման և ֆինանսավորման համակարգ: Հաշտարարը նշանակվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի կողմից և հաշվետու է վերջինիս: Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց հերթին նշանակվում են 1-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության, 1-ը` Կենտրոնական բանկի խորհրդի, 4-ը` կազմակերպությունների միությունների և 1-ը` սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեությունը ֆինանսավորվում է Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, գրավատներ և այլն) կողմից` օրենքով սահմանված պարտադիր պարբերաբար վճարների միջոցով. վճարների չափը յուրաքանչյուր տեսակի կազմակերպության համար սահմանվում է օրենքով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեության նպատակներն են՝
- ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը.
- սպառողների պահանջների արագ.
- արդյունավետ և անվճար քննությունը.
- ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:
Այն անձինք, ովքեր գրավոր բողոքով դիմել են ֆինանսական կազմակերպությանը և ֆինանսական կազմակերպությունը 10 օրվա ընթացքում չի տրամադրել գրավոր պատասխան կամ տրամադրել է գրավոր պատասխան, սակայն համաձայն չեն պատասխանի հետ, ապա կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական համակարգի հաշտարարը անվճար քննում է պահանջները:
Կարևոր է իմանալ, որ դիմելով ֆինանսական համակարգի հաշտարարին` ոչ մի պարտավորություն չեք ստանձնում, քանի որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմանը չհամաձայնելու դեպքում կարող եք դիմել դատարան:
Սակայն ցավոք նշենք, որ ոչ բոլոր բողոքները Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է քննել:
Ֆինանսական համակարգի հաշտարարին կարող եք դիմել, եթե բավարար են հետևյալ պահանջները`
- հանդիսանում եք ֆիզիկական անձ.
- օգտվել եք կամ դիմել եք ֆինանսական կազմակերպությանը նրա ծառայություններից օգտվելու համար և դրա արդյունքում ունեք գույքային պահանջ այդ կազմակերպության նկատմամբ: Ընդ որում գույքային պահանջը չպետք է գերազանցի 10 մլն դրամը.
- դիմել եք Ֆինանսական համակարգի հաշտարարին ֆինանսական կազմակերպությանը դիմելուց ոչ ուշ քան 6 ամիս հետո .
- պահանջը ծագել է 2008թ. Օգոստոսի 2-ից հետո տեղի ունեցած դեպքերից հետո.
- պահանջը նախապես ներկայացրել եք ֆինանսական կազմակերպությանը.
Ֆինանսական համակարգի հաշտարարի, ինչպես նաև իր կողմից բողոքների ընդունման, քննման և որոշումների կայացման կարգի, ժամկետների և այլ կարևոր տեղեկատվության մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ Ֆինանսական համակարգի հաշտարարի կայքում: