Ջավախքում 4 հոգու սպանության մեջ մեղադրվողին կալանավայրում ինքնասպան եղած են գտել

Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի՝ մոր և երեք անչափահասների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ա-ն օգոստոսի 27-ին Գլդանիի բանտի իր խցում ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնեց Վաչիան գյուղի բնակիչ Ռուզան  Ս-ն, փոխանցում է Թերթ.am-ը։

«Արդեն լսել ենք, որ Նոդար Ա-ն ինքնասպանություն է գործել Գլդանիի բանտի իր խցում, մանրամասներին  տեղյակ չենք: Գործի ընթացքը մտահոգում է բոլորիս, բայց, քանի որ հիմնական մեղադրյալն արդեն մահացած է, գործի շարունակության մասին ոչինչ չենք կարող ասել»,- ասաց ազգությամբ հայ Ռուզանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ջավախքի տարածաշրջանի Վաչիան գյուղում մահացած  էին գտել Խաչոտյանների ընտանիքի չորս անդամներին` 37-ամյա մորը և երեք` 5, 16 և 18-ամյա երեխաներին: Կասկածներ կային, որ մարդասպանը նրանց տուն է մտել բռնաբարության կամ գողության նպատակով: Երբ տան մայրն արթնացել է, երկաթե ամրանով հարվածել է 37-ամյա կնոջ գլխին, այնուհետև դանակահարել արթնացած ավագ աղջկան: Մայրը և աղջիկները մահացու վնասվածքների հետևանքով էին մահացել, իսկ 5-ամյա տղան խեղդամահ էր արվել: Սպանությունը կատարելուց հետո Նոդար Ա-ն բացել էր գազը, փակել դռներն ու պատուհանները, և գնացել:

Կանխամտածված սպանության մեղադրանքով Նոդար Ա.-ին հուլիսի 11-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում էին ձերբակալել:

Ռուզան Ս-ն հավելեց, որ, շրջանառվող լուրերի համաձայն, Նոդար Ա-ն բանտում 2 անգամ ինքնասպանության փորձ է արել` կտրելով երակները:

Նշենք, որ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի հայրը` Վաղինակ Խաչոտյանը, դեպքից հետո վերադարձել է Վաչիան և բնակվում է գյուղում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել