Ո՞վ կարող է օգտվել գույքահարկի գծով արտոնություններից

Գույքահարկից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` գծային ինժեներատրանսպորտային շինությունները, եթե դրանցից օգտվելու համար վճար չի գանձվում.

2) ջրամբարները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկվող օբյեկտ համարվող շինությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինությունները:

Կրոնական կազմակերպություններն ազատվում են նաև իրենց սեփականության իրավունքով պատկանող՝ սույն կետում նշված շենքերի և շինությունների համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից:

Կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

Գույքահարկից ազատվում են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

3.1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազատվում է նաև իրեն սեփականության իրավունքով պատկանող` սույն մասի 3-րդ կետում նշված շենքերի և շինությունների համար 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) պատկանող գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը.

5) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով: Հաշմանդամներին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված ավտոմեքենաների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ.

6) փոստային կապի ազգային օպերատորը.

7) ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող ազատ տնտեսական գոտու շահագործողներին պատկանող կամ նրանց կողմից օգտագործվող հասարակական և արտադրական նշանակության շենքերը և շինությունները:

Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`

1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի և շինությունների և (կամ) փոխադրամիջոցների մասով.

2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն մասի 1-ին կետում նշված` գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.

3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող սույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:

Օրենքին համապատասխան, պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):

Սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի շինություն պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ընտրված շինության նկատմամբ, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և գտնվելու վայրերի մասին, ինչպես նաև շինության գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:

Կարևոր է նշել, որ սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունները կիրառվում են հարկ վճարողի կողմից ընտրված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում ոստիկանության լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի թվաքանակի մասին և (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու մասին:

Սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաև եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:
Սույն մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել գույքահարկի գծով արտոնություններ:

Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:

Համայնքի ավագանու կողմից գույքահարկի գծով սահմանված արտոնությունների գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում:

Օրենքով կարող են սահմանվել գույքահարկի գծով այլ արտոնություններ:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել