Լոռու մարզում ամբաստնյալի աթոռին են մայր ու որդի՝ հարևանուհու անչափահաս աղջիկներին պատանդառելու և նրանց օգնության հասած ոստիկանին միջին ծանրության մարմնական վնաս հասցնելու համար: Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նախկինում 5 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված Վլադիմիր Գրիգորյանը, 2015թ. հուլիսի 31-ին ալկոհոլ ազդեցության տակ գնացել է հարևանուհու բնակարան: Նրա անչափահաս դուստրերին ներկայացել է նրանց մոր անունից, խաբեությամբ մուտք է գործել բնակարան, ներսից կողպել է մուտքի դուռը, արգելել է երեխաների ելքը և տանը սպասել է հարևանուհու վերադարձին, ինչի համար էլ մեղադրանք է նրա նկատմամբ առաջադրվել:
Գրիգորյանը շուրջ 1 ժամ անհարկի բարկացել է երեխաների վրա, պահանջներ ներկայացրել, պատվիրել այս կամ այն գործողությունը կատարել իր համար:
Բռնի գործողությունների արդյունքում հոգեբանական ու ֆիզիկական անելանելի վիճակ է ստեղծվել անչափահաս աղջիկների համար, նրանք ապօրինաբար զրկվել են ազատությունից պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք: Հարևանուհին, ով պատահմամբ նրանց բնակարան է այցելել, տեսել է արտասվող և իրենից օգնություն հայցող երեխաներին:
Հարևանները կատարվածի մասին ահազանգել են նրանց մորը և ոստիկանություն:
Վլադիմիր Գրիգորյանը չենթարկվելով ոստիկանության ծառայողի պահանջին, վերջինիս հրազենը վերցնելու և դրանով նրան սպանելու սպառնալիքներ տալով հարձակվել է ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի վրա, քաշքշել, հարվածել, հրել է նրան, որի արդյունքում ոստիկանության ծառայողը, կորցնելով հավասարակշռությունը ընկել է գետնին:
Գրիգորյանը օգտվելով առիթից, փորձել է վերցնել հաշվեցուցակային զենքը, սակայն տեսնելով, որ դա չի հաջողվում պատվիրել է մորը՝ աթոռով հարվածել ոստիկանի գլխին:
Նրանց կողմից կիրառված բռնության արդյունքում Ֆնդկյանի առողջությանը ձախից գլխի գագաթային շրջանի, ճակատի կենտրոնական հատվածի ստորին մասի, պարանոցի աջ կողմնային մակերեսի և առաջային մակերեսի ստորին հատվածների, ձախ նախաբազկի ստորին երրորդի հետին մակերեսի քերծվածքների, ձախից կրծքավանդակի հետին կողմնային մակերեսի արյունազեղման փափուկ հյուսվածքների սալջարդով, գլխուղեղի ցնցման ձևով պատճաովել է միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով, ինչի համար Նելլի Գրիգորյանին ևս մեղադրանք է առաջադրվել:
Դեպքի վայրից առգրավվել է փաթեթավորված և կնքված իրեղեն ապացույցներ` փայտյա աթոռը և դրա դետալները, ապակյա բեկորները, փականի մասերը, Ա.Ֆնդկյանի և Վ.Գրիգորյանի հագուստները, ՊՄ ՊՎ-1190 ատրճանակը երկու փամփուշտատուփերով և ութ փամփուշտներով, 9 մմ-անոց երեք պարկուճ և երկու գնդակ, ութ խծուծ, Վ. Գրիգորյանի հետազոտության լուսանկարները` ընդհանուր 4 փաթեթ` 13 նկարներով, սև բռնակով խոհանոցային դանակ:
Նշենք նաև, որ Վ.Գրիգորյանը նախկինում ևս 5 անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության, 1 անգամ՝ 04.04.2013թ. դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 3 տարի ժամանակով ազատազրկման:
Գործով մեղադրյալ Վ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է նշանակվել կալանքը, իսկ մյուս մեղադրյալի՝ Նելլի Գրիգորյանի նկատմամբ ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Դատական գործի քննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: