Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Օրինագծերը մշակվել են ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով: Արդյունքում՝ կվերացվի ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, քանի որ նշված պարտականության կատարումը ՀՀ քաղաքացիների համար իրավունքների իրականացման պայման ընդհանուր առմամբ չի հանդիսանում:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում» գործունեության տեսակը դառնում է լիցենզավորման ենթակա` նախկին պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն:
Հիմնավորման համաձայն՝ մինչ վերոնշյալ օրենքի ընդունումը «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» համարվում էր պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չէր տալիս իրականացնել տեղերում ստուգումներ, ինչպես «Շահումով խաղերի և խաղատների մասին» այնպես էլ «ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանության մասով: Կարգավորման նպատակն է մեկ միասնական մոտեցում ցուցաբերել շահույթ հետապնդող շահումով խաղերի կազմակերպման գործունեության և վերահսկողության նկատմամբ: Մասնավորապես՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև ինտերնետ շահումով խաղերի վրա: