Զինծառայողների դրամական ապահովությունը

Զինծառայողների դրամական ապահովությունը զինծառայողների նյութական ապահովության և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու հիմնական միջոց է:

Զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան:

Օրենքով սահմանված` զինծառայողների դրամական ապահովությանը վերաբերող դրույթները տարածվում են նաև քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և համապատասխան ոլորտները կարգավորող օրենքների պահանջներին համապատասխան:

Զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) և ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Զինծառայողների դրամական ապահովությունը բաղկացած է զինվորական (այլ հատուկ) կոչումներին համապատասխանող զինվորական պաշտոնների դասակարգման խմբերին և զինվորական ծառայության ստաժներին համարժեք պաշտոնային դրույքաչափերից (այսուհետ` պաշտոնային դրույքաչափ), օրենքով սահմանված կարգով տրվող հավելումներից և հավելավճարներից: Օրենքով զինծառայողների դրամական ապահովությունը սահմանող դրույթները տարածվում են նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի վրա:

Զինծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների և պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի արտադրյալով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

Զինվորական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված` տվյալ պաշտոնի խմբի սանդղակի գործակիցների միջոցով:

Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է 7 մակարդակից, որոնցից յուրաքանչյուրում սահմանվում է նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը հաշվարկելու` բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից:

Առաջին անգամ զինվորական պաշտոնում նշանակված անձի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբի սանդղակում` ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի միջոցով:

Նախորդ պաշտոնի նկատմամբ սահմանված կարգով ավելի բարձր կամ ցածր պաշտոնի նշանակված զինծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է նոր պաշտոնի խմբի սանդղակում` ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի միջոցով:

Զինծառայողին զինվորական ծառայության ստաժի համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ` պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը:

Պաշտոնային դրույքաչափի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է հետևյալ սխեմայով.

1) 1-7-րդ մակարդակների համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափի միավոր ավելացում` կախված զինվորական ծառայության ստաժից.

2) մինչև 2 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 1-ին մակարդակի գործակցի միջոցով.

3) 2-ից մինչև 5 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 2-րդ մակարդակի գործակցի միջոցով.

4) 5-ից մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 3-րդ մակարդակի գործակցի միջոցով.

5) 10-ից մինչև 15 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 4-րդ մակարդակի գործակցի միջոցով.

6) 15-ից մինչև 20 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 5-րդ մակարդակի գործակցի միջոցով.

7) 20-ից մինչև 25 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 6-րդ մակարդակի գործակցի միջոցով.

8) 25 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 7-րդ մակարդակի գործակցի միջոցով.

9) սանդղակի 7-րդ մակարդակից պաշտոնային դրույքաչափը մնում է անփոփոխ:

Պաշտոնային դրույքաչափի բնականոն աճի հերթական միավոր ավելացումն իրականացվում է սահմանված զինվորական ծառայության ստաժը լրանալուն հաջորդող ամսվա 1-ից:

Կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից այլ զորքեր տեղափոխվելու կամ ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություն ընդունվելու կամ վերադառնալու կապակցությամբ պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ թողնված, ինչպես նաև արձակուրդում (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի) կամ գործուղման մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափը պահպանվում է օրենքով սահմանված կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածի համար:

Ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններն ավարտած և սկզբնական սպայական զինվորական կոչում ստացած զինծառայողների համար` մինչև պաշտոնի նշանակումը, իսկ ռազմաբժշկական ուսումնական հաստատություններն ավարտած և ինտերնատուրայում կամ օրդինատուրայում սովորելու հրամանագրված զինծառայողների համար` նաև ինտերնատուրայում և օրդինատուրայում սովորելու ընթացքում, պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպայական կազմի նվազագույն խմբի 2-րդ մակարդակի գործակցով:

Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ուսման (այդ թվում` որակավորման բարձրացման նպատակով տարբեր դասընթացներ, կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա, ասպիրանտուրա, ադյունկտուրա) կամ օտարերկրյա պետություններ ծառայության գործուղված և զինվորական պաշտոնից ազատված զինծառայողների համար ուսումնառության ընթացքում պահպանվում է զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնային դրույքաչափը:

Զինվորական ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան երկու տարվա (զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

Հարկ է ի նկատի ունենալ, որ անհարգելի պատճառով ծառայության չներկայացած օրերի համար զինծառայողներին դրամական ապահովություն չի հաշվարկվում:

Զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ և տրվում է զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ծառայողական գործունեության գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) աշխատանքների որակյալ կատարման համար զինծառայողներին կարող են տրվել պարգևատրումներ` օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել