«Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) անդամ երկրներում բնակվող` որդեգրել ցանկացող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմում են համապատասխան երկրի կենտրոնական մարմին` ներկայացնելով կառավարության 269Ն որոշմամբ նախատեսված փաստաթղթերը, որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտը, ինչպես նաև տվյալ երկրի իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում՝ որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ։
Որդեգրել ցանկացող օտարերկրացին կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում դիմում է կենտրոնական մարմին, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է նախարարությանը։
Արդարադատության նախարարությունը համապատասխան ուսումնասիրություն (որդեգրման մասին այլ դիմումների առկայություն և այլն) կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնական մարմնին գրավոր տեղեկացնում է որդեգրման հնարավորության մասին և, անհրաժեշտության դեպքում, նաև ուղարկում որդեգրման ենթակա երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը։
Եթե որդեգրման ենթակա միևնույն երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել մեկից ավելի օտարերկրացի կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա նրանց հանդիպումը երեխայի հետ կազմակերպվում է նախատեսված հերթականությամբ։
Կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու և որդեգրման ենթակա երեխայի անձնական գործերն ու նախարարության տեղեկանքը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը 3 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերի պատճեններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն), որը համապատասխան ուսումնասիրության արդյունքների մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին։
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ որդեգրման թույլտվություն (նախնական համաձայնություն) տալու կամ այն մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է կենտրոնական մարմնին` վերադարձնելով նաև ստացված փաստաթղթերը։
Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա որդեգրման մասին ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելուց հետո օտարերկրացին կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին կոնվենցիայի 23-րդ հոդվածով սահմանված վկայականն ստանալու նպատակով դիմումի հետ միասին կենտրոնական մարմին է ներկայացնում`
1) որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը (պատճենը).
2) երեխայի ծննդյան և որդեգրման վկայականները (պատճենները).
3) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները։
Նշենք, որ եթե հաշվառված` որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ օտարերկրացին որդեգրման ենթակա միևնույն երեխային որդեգրելու ցանկությամբ դիմել են նույն ժամանակահատվածում (դիմելու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում), ապա երեխայի հետ հանդիպման առաջնահերթությունը տրվում է որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։
Որդեգրել ցանկացող օտարերկրացու և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին երեխայի հետ հանդիպումից հետո 15 օրվա ընթացքում որդեգրելու ցանկություն չի հայտնել։