Կառավարությունում գտնում են, որ անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մասնաշենքը հետագա քայքայումը կանխելու և անվտանգ շահագործելու համար:
Թանգարանի մասնաշենքն իրենից ներկայացնում է հատակագծային բարդ ուրվագծով երկու-երեք հարկանի կառույց, շուրջ 1330 մ2 մակերեսով: Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող տանիքի պատճառով առկա են հալոցքային և անձրևաջրերի ներթափանցման օջախներ, ներքին և արտաքին պատերի երեսպատումը վնասված է: Պատերում կան թեք և ուղղաձիգ ճաքեր: Շենքը կարիք ունի վերակառուցման, որի շինարարության կազմակերպման համար անհրաժեշտ է ունենալ`
- կառույցի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն,
- վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր,
- ներքին գեղարվեստական ձևավորման նախագիծ,
- նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն:
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանքների համար նախատեսվում է 17.54 մլն. դրամ:
Այս գումարը գործադիրը նախատեսում է քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 2016 թվականի ինն ամսում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Իսկ թե որքան հարկատուներին կարժենա այս թանգարանի վերանորոգումը պարզ կլինի 17.54 մլն դրամ ներդնելուց և նախագծեր ներկայացնելուց հետո:
Այս նախագիծը ներկայացրել էր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Իրավաբան.net