ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:

ՀՀ ՔԿ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են, մասնավորապես, մայրաքաղաքում հուլիս ամսին տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով նախաքննության ընթացքում  դատավարության կողմերի, մասնակիցների դատավարական իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։  «Դատավարական իրավունքների խախտումները չեն բխում վարույթն իրականացնող մարմնի շահերից։ Քննիչը շահագրգռված է, որ ապացույցները ձեռք բերվեն օրենսդրության պահանջների պահպանմամբ, ինչն ապահովում է անխոցելիությունը»,- նշել է Ա.Հովսեփյանը և կարևորել փաստաբանների օրինական գործունեությունը,  վերջիններիս կողմից  դատավարության ընթացքում ներգրավված  անձանց պատշաճ իրավաբանական օգնության ցուցաբերումը։

Արա Զոհրաբյանը ներկայացրել է քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով իրենց վստահորդների շահերը ներկայացնող փաստաբանների նկատառումներն ու դիտարկումները։ Երկուստեք կարևորվել է փաստաբանների կառուցողական ակտիվությունը՝ արձանագրելով, որ փաստաբանների ակտիվ ներգրավումը և մասնագիտական գործունեության անխոչընդոտ իրականացումը նպաստում է քրեական գործերով նախաքննության բազմակողմանիության և օբյեկտիվության ապահովմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել քննության ընթացքում փաստաբանական համայնքի և քննչական մարմինների կողմից արձանագրվող խնդիրները:

Լուսանկարները՝ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում: 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել