Փաստաբանների պալատի նախագահն ընդունել է քաղաքացիական երթի մասնակիցներին

Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է պալատի վարչական շենքի մոտ դերասանուհի Թամարա Հովհաննիսյանի գլխավորությամբ հավաքված քաղաքացիներին:

Հավաքի կազմակերպիչ Թամարա Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ դեպի Փաստաբանների պալատ երթը կրում էր հուլիսի 17-ի դեպքերից հետո ազատազրկման վայրերում գտնվողների իրավունքների պաշտպանության հարցում փաստաբաններին քաղաքացիական աջակցություն ցուցաբերելու նպատակ:

Պալատի Մեծ դահլիճում ողջունելով ներկաներին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրել է, որ մեծաթիվ փաստաբաններ են ներգրավված վերջին իրադարձությունների հետ կապված քրեական գործերով և միայն հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն է ցույց տրվում 45 անձանց։

Երթի մասնակիցները Պալատի նախագահին և հանդիպմանը ներկա փաստաբաններին ներկայացրել են իրենց մտահոգությունները ազատազրկվածների պահման վայրերի, առողջական խնդիրների, տարրական իրավունքների խախտումների վերաբերյալ: Թամարա Հովհաննիսյանը հրապարակել է երթի նպատակին առնչվող հայտարարությունը՝ խնդրելով ներկա փաստաբաններին թարմ տեղեկություններ հաղորդել իրենց պաշտպանյալների վերաբերյալ: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, Գիվի Հովհաննիսյանը, Հարություն Բաղդասարյանը մանրամասնել են ազատազրկվածներ Պավլիկ, Արամ Մանուկյանների, Արմեն Մարտիրոսյանի առողջական վիճակին և վարույթն իրականացնող մարմինների գործունեությանն առնչվող որոշ հարցեր:

Երթին միացած ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, նշելով, որ ներկա է որպես մտահոգ քաղաքացի, առաջարկել է Պալատի նախագահին փաստաբանների և քաղաքացիների համատեղ խորհուրդ ձևավորել իրավապաշտպան գործունեության հետագա խոչընդոտներին, խախտումներին արձագանքելու նպատակով: Խորհրդի ստեղծման նպատակահարմարությունը նա պատճառաբանել է Հայաստանից, Սփյուռքից բազմաթիվ քաղաքացիների կողմից ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հիշեցրել է փաստաբանի՝ մասնագիտական գործունեություն իրականացնելիս անկախության մասին՝ հավելելով, որ փաստաբանն առաջնորդվում է օրենքով և չի վերահսկվում պալատի կողմից:

Պալատի նախագահը նկատել է, որ արդարադատության համակարգին կարող է կաշկանդել հասարակական վերահսկողությունը, և առաջարկել է պայմաններով ապահովել այդպիսի խորհուրդ ստեղծելու ցանկություն ունեցող փաստաբաններին։ Կազմակերպչական հարցերը ապահովելու համար լիազորվել է փաստաբան, փաստաբանների իրավունքների պաշտպանության խորհրդի համակարգող Կարեն Մեժլումյանը:

Այս մասին հաղորդում են Փաստաբանների պալատից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել