Նախորդ տարվա հունիսի 23-ին ցույցերը ցրելու ժամանակ, ոստիկանական ուժերի շարքից դուրս եկած քաղաքացիական հագուստով և «Police» տարբերանշանով անձիք հարձակվել էին նաև լրագրողների ու օպերատորների վրա, խոչնդոտել նրանց մասնագիտական գործունեությունը, ջարդել սարքավորումները:
Այս դեպքերով 21 լրագրող և օպերատոր տուժող է ճանաչվել: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ դեպքերի մեկ տարի անց ոչ մի կասկածյալ կամ մեղադրյալ չկա. «Երբ որ այս իրավիճակն արդեն նորմ է դառնում, բնականաբար ցանկացած այլ ցույցի ժամանակ լրագրողներն ու օպերատորները նույն ճակատագրին են արժանանալու: Ցավոք այս անգամ ձեռագիրը նույնն էր»,- ասաց նա, անդրադառնալով Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերին, երբ կրկին քաղաքացիական անձանց գործողություններից լրագրողներ ու օպերատորներ էին տուժել:
«Ինչքան էլ Վլադիմիր Գասպարյանը ասի, որ ոստիկանությունը փոխվել է, այնտեղ բարեփոխումներ են տեղի ունեցել, դա ընդամենը մեղմ ասած՝ իրականությանը չհամապատասխանող ցինիկ խաբեություն է, մենք տեսնում ենք, որ որևէ կերպ գործողությունները չեն փոխվում, աշխատանքի որևէ քաղաքակիրթ մեթոդ չի որդեգրվում: Սա է պատճառը, որ մենք՝ մի քանի իրավապաշտպան կազմակերպություններով հանդես եկանք հայտարարությամբ՝ նշելով, որ այլևս այս իրավապահ մարմիններին կոչ ու հորդոր չենք անելու»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց պարոն Մելիքյանը:
Իրավաբան.net