Քննչական կոմիտեից հայտնում են, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուքասզյանը փոխել է բնակության վայրը և չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ խախտելով ընտրված խափանման միջոցի պահանջները
ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել մեղադրյալ Գարեգին Չուքասզյանի և մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ և օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։
Գ.Չուքասզյանը, ում նկատմամբ՝ որպես մեղադրյալի, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին և փոխել բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին։ Այդպիսով խախտվել է ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։