Ի՞նչ իրավական հետևանքներ կարող են վրա հասնել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում:

Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Օրենքով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:

Ի դեպ, նշենք, որ Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն լրագրող է համարվում լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը, նրա հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա տեղեկատվություն փնտրողը, հավաքողը, ստացողը, պատրաստողը, խմբագրողը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել