Ներքին զորքերի զինծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրել հետևյալ դեպքերում`
ա) քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող հարձակումներից պաշտպանելիս.
բ) զինծառայողների, ներքին գործերի հանրապետական մարմնի տարածքային մարմինների և ուղղիչ-աշխատանքային հիմնարկների աշխատակիցների ու իրենց վրա կատարվող հարձակումները հետ մղելիս, երբ վտանգ է սպառնում նրանց կյանքին կամ առողջությանը, ինչպես նաև նրանց զենքին տիրելու փորձերը խափանելիս.
գ) պատանդներին, ինչպես նաև զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները և մարտական տեխնիկան ազատագրելիս.
դ) քաղաքացիների կյանքի, առողջության և սեփականության դեմ ուղղված հանցագործություն կատարելիս բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
ե) հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվածների, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց փախուստը, ինչպես նաև նշված անձանց բռնի ազատազրկման փորձերը խափանելիս.
զ) տրանսպորտային միջոցները վնասելով դրանք կանգնեցնելիս, եթե վարորդը ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում հրաժարվում է կանգնեցնել այն` չկատարելով ներքին գործերի մարմինների աշխատակցի կամ ներքին զորքերի զինծառայողի իրավասության սահմաններում առաջադրված պահանջը.
է) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների վրա խմբակային կամ զինված հարձակումները հետ մղելիս.
ը) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին զինծառայողի իրավասության սահմաններում առաջադրված պահանջները.
թ) կատաղած կամ վայրի կենդանիներին վնասազերծելիս, եթե նրանք վտանգ են սպառնում մարդկանց կյանքին և առողջությանը.
ժ) զենք գործադրելու մտադրության մասին քաղաքացիներին զգուշացնելիս, տագնապի ազդանշան տալիս և օգնության կանչելիս:
Զենք գործադրելն առանց զգուշացման թույլատրվում է զենքով, մարտական տեխնիկայով, տրանսպորտային միջոցներով, թռչող ապարատներով կատարվող հարձակումները հետ մղելիս, զենքով կալանքից փախչելիս կամ տրանսպորտի միջոցներով, թռչող ապարատներով, ինչպես նաև սահմանափակ տեսանելիության պայմաններում փախչելիս:
Հարկ է նշել, որ արգելվում է զենք գործադրել կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անհայտ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցուցաբերելու կամ մարդկանց կյանքին սպառնացող խմբակային հարձակման դեպքերի:
Ներքին զորքերի հաստիքային մարտական տեխնիկան գործադրվում է հետևյալ դեպքերում`
ա) պատանդներին, ինչպես նաև զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները և մարտական տեխնիկան ազատագրելիս.
բ) զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
գ) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների վրա խմբակային, զինված կամ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ հարձակումները հետ մղելիս.
դ) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ներքին զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջները: