Երեք բառ, որոնք կփոխեն Հայաստանը. Վիկտոր Ենգիբարյան

Չափազանցնում եմ ես արդյոք լեզվամտածողության (mentality) դերը մարդկության զարգացման գործում թե ոչ, դատեք ինքներդ: Մենք գործում ենք այնպես, ինչպես մեզ թելադրում է մեր ուղեղը, իսկ մեր ուղեղը իր գիտելիքները ստանում է այն լեզվի միջոցով, որով մենք անցնում ենք սոցիալիզացիայի գործընթաց, դա մայրենի լեզուն է:

Օրինակ, ինձ միշտ հիացրել է, թե ինչպես են գերմանացիները «հաջող» անում իրար կամ թե ինչպես են անգլիացիները հարցնում ինչպես ես: Իրար հրաժեշտ տալիս, մենք՝ հայերս, ասում ենք ցտեսություն, լավ եղիր, լավ մնա կամ լավ կաց: Գերմանացիները ասում են ցտեսություն, գործդ լավ արա (mach’s gut): Անլիացիները «ինչպես ես» հարցի տեղը, որևէ մեկին ողջունելիս ասում են. «ինչպես դու արեցիր» (how do you do). Իհարկե, իմաստային թարգմանությամբ, ոչ թե բառացի: Ստացվում է, որ մենք և բարեվելիս և բաժանվելիս հղում ենք անձնական հարց ու մաղթանք, որը մեծ հաշվով վերաբերվում է անձնական ողջությանը, մինչդեռ իրենց զարգացվածությամբ աչքի ընկնող գերմանացիները ու անգլիացիները հարց ու փորձ են անում գործերից՝ մատնանշելով գործողություն:

Սա իհարկե իբրև օրինակ: Սույն հոդվածում ես ցանկանում եմ հպանցիկ անցնել երեք եզրույթի վրա, որոնցից մեկը հայերենում աղավաղված է, իսկ մյուս երկուսը մեր հարուստ լեզվում կան, բայց ցավոք չեն արտահայտում ժամանակակից զարգացման տանող իմաստ:

Առաջինը՝ հասարակություն բառն է: Բառի արմատը հասարակ բառն է, որը նշանակում է պարզ, պարզունակ, չտարբերվող, դյուրամատչելի, այս բառին ածական են նույնիսկ ոչ կիրթ, գռեհիկ, ոչ նրբաճաշակ բառերը: Պարզ է, որ այս բառը ունի բացառապես նվաստացուցիչ և վիրավորական իմաստ: Մինչդեռ գերմաներենում կա Gesellschaft բառը, որը իր մեջ ներառում է բարձրաճաշակության, արիստոկրատիզմի և կրթության էլեմենտ: Օրինակ, քաղաքական վերնախավին գերմաներենում կոչում են Politische Gesellschaft, իսկ հայերենում մենք երբեք չենք օգտագործում«քաղաքական հասարակություն» եզրույթը, քանի որ հասարակություն բառը արդեն ստորացուցիչ է: Դրա փոխարեն, անհամաչափորեն ու շռայլաբար մենք օգտագործում ենք «իշխանություն» բառը, որի արմատը իշխան բառն է, այսինքն կայսր:

Առաջարկվում է, հասարակություն բառի փոխարեն այսուհետև օգտագոծել միայն ու միայն «հանրություն» բառը, քաղաքական վերնախավին անվանել՝ քաղաքական հանրություն, գիտականին՝ գիտական հանրություն, գյուղատնտեսությամբ զբաղվողներին՝ գյուղական հանրություն և այլ: Հանրություն բառը ունի նաև հաղորդակցական երանգ, այն ժողովրդին ոչ թե բնութագրում է որպես օբյեկտ, այլ մարդկանց խումբ, որոնց մեջ կա գործընթաց՝ հաղորդակցություն:

Երկրորդը՝ կոհեզիա (անգլ. Cohesion, գերմ. Kohesion) եզրույթն է: Այս եզրույթին հայերենում ամենամոտը «միասնականություն» բառն է: Խնդիրը, սակայն նրանում է, որ միասնականությունը ստատիկ, կայուն վիճակ է, իսկ կոհեզիան գործընթաց: Միասնականությունը իբրև գործընթաց դիտարկելը չափազանց կարևոր է հանրության զարգացման համար: Այն ցույց է տալիս հանրության առանձին անդամների ու խմբերի համերաշխությունը միմյանց նկատմամբ: Հայաստանի քաղաքական և գիտական հանրությունը պետք է արհեստականորեն խթանեն մեր երկրի բնակչության միասնականությանը, բառը տարբերակելով ավելի քիչ պաթոսով և ավելի շատ իբրև հանրային ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող շահերի համատեղման նպատակով իրականացվող գործընթաց:

Երրորդը՝ միասնություն (Integrity) բառն է: Բոլոր ծանոթ հնդեվրոպական լեզուներում այս բառը օգտագործվում է իբրև հականիշ «կոռուպցիա» բառի: Հայաստանում կոռուպցիա բառը չափազանց հայտնի է բոլորին, իսկ միասնություն բառը երբեք չի օգտագործվել իբրև կոռուպցիա բառի հականիշ: Բառի բացատրական իմաստը այն է, որ եթե հանրության մեջ կա մեկը, ով իրականացնում է կոռուպցիոն գործարք, նա իրականացնում է գործարկ բոլորի դեմ: Սա շատ կարևոր է սերմանել հանրության մեջ, իսկ հրապարակախոսներին, քաղաքական և գիտական հանրությանը առաջարկում ենք հաճախ օգտագործել «միասնություն» բառը իբրև կոռուպցիայի հականիշ, որպեսզի վերջինիս քայքայիչ իմաստը ավելի ակնհայտ դառնա:

Վստահաբար կարող ենք փաստել, որ մեր մտածողությունն է մեր զարգացման հիմքը: Այսպիսով, կարող ենք երաշխավորել, որ եթե մեր երկրում հասարակության փոխարեն լինի հանրություն, իշխանության փոխարեն քաղաքական հանրություն, որոնք կդառնան միասնականության գործընթացի կրող՝ վերացնելով միասնության խանգարող տարրերին՝ Հայաստանին դժվար թե որևէ բան սպառնա:

Վիկտոր Ենգիբարյան

«Անկախության Սերունդ» շարժում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել