Թղթե տանկի գործը. դատախազը հրաժարվեց մեղադրանքից

Թղթե տանկի գործն այսօր մոտեցավ իր ոչ տրամաբանական ավարտին: Դատարանը պետք է մուտք գործեր դատական վիճաբանությունների փուլ, բայց չստացվեց. դատախազը հրաժարվեց մեղադրանքից:

Քիչ առաջ նա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել մեղադրանքը ու բացակայում է հանցակազմ:

«Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական դիրքորոշումից հետո, իմ կարծիքով, դատախազն այլընտրանք չուներ»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Գևորգյանի պաշտպանը՝ փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Իսկ ԱԱԾ-ն հայտնել էր, որ իր բնականոն աշխատանքը չեն խոչընդոտել, ոչ էլ աշխատակիցներին են լուրջ անհանգստություն պատճառել:

Մինչդեռ մեղադրական եզրակացությունը տրամագծորեն հակառակ ուղղությամբ էր: Քննչական կոմիտեի կողմից առաջարկված, իսկ դատախազի կողմից հաստատված մեղադրանքի համառոտ բնութագրում ասվում էր՝ Արտակ Գևորգյանը 2015թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում ստվարաթղթե հրասայլով՝ տանկով դիտավորությամբ հարվածել է ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով:

Նման մեղադրական եզրակացությամբ դատարանը հասցրեց երկու նիստ քննել: Երկուսն էլ անցնում էին բավականին զվարճալի մթնոլորտում, կատակում էր անգամ դատավոր Գագիկ Խողոսյանը:

Դատարանը այսօր վճռեց արդարացնել Արտակ Գևորգյանին:

Կարդացեք նաև՝ ԱԱԾ-ի շենքի վրա «հարձակվել են» միայն թղթե տանկով, «ռմբակոծիչ» կամ այլ «զինտեխնիկա» չեն ունեցել

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել