Արտակ Գևորգյանը 2015թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում ստվարաթղթե հրասայլով՝ տանկով դիտավորությամբ հարվածել է ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով:
Նման մեղադրական եզրակացությամբ գործը այսօր քննվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Թղթե տանկի գործի դատաքննությունն անցնում էր բավականին զվարճալի մթնոլորտում, կատակում էր անգամ դատավորը` Գագիկ Պողոսյանը:
Վկաներից մեկի հարցաքննության ժամանակ ամբաստանյալի փաստաբանը՝ Տիգրան Սաֆարյանը, հարց ուներ, մինչ այդ նա իր մոտ գտնվող թղթից պատրաստել էր ինքնաթիռ և այն ցույց տալով վկա Գոհար Խաչատրյանին, հետաքրքրվեց, թե բացի հրասայլից, այլ ռազմական տեխնիկա եղե՞լ է իրենց մոտ, մասնավորապես նման թղթե ռմբակոծիչներ:
Պատասխանը բացասական էր` կարծեցյալ խուլիգանության մասնակիցը ոչ թղթե ռմբակոծիչներ, ոչ էլ ուղղաթիռ կամ այլ զինտեխնիկա չի ունեցել:
Գոհար Խաչատրյանը պատմեց, որ 2015թ. դեկտեմբերի 9-ին երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, զանգել է Արտակին, ով ասել է, թե ցանկանում է փողոցային ակցիա իրականացնել` իր թղթե հրասայլով: Հանդիպել են Ազատության հրապարակում, այնուհետև գնացել ԿԸՀ նստավայրը, հետո քայլել ՍԴ, ապա նախագահական նստավայր, որտեղ իրենց մոտեցել են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու սիրալիր խնդրել շատ չմնալ այդտեղ` պատճառաբանելով, որ լուսարձակներ չկան թղթե հրասայլի վրա, վտանգավոր է:
«ԱԱԾ-ի շենքի մոտ, Արտակն ու Անտոնը մոտացան հրասայլով շենքի դարպասին, հարվածեցին, որից հետո գնացինք տուն: Որևէ ոստիկանության ներկայացուցիչ մեզ չի ասել, որ չի կարելի կարգը խախտել, որևէ մեկը չի արգելել, մենք կարգը չենք խախտել, ձայն չենք հանել»,- նշեց վկան:
Ըստ նրա` սա ակցիա էր երկրում տիրող սոցիալական վիճակի հետ կապված, բողոքի դրսևորման ձև էր` արվեստի միջոցով:
«Արդյոք տեսնելով` հրասայլը մարդիկ փախնո՞ւմ էին»,- հետաքրքրվեց դատավոր Պողոսյանը, վկան պատասխանեց՝ հակառակը՝ մոտենում էին և նկարահանվում իրենց հետ. «Կրակո՞ւմ էր»,- շարունակեց դատավորը, վկան կրկին բացասական պատասխան տվեց:
Այնուհետև դատավորը հետաքրքրվեց. «Դարպասներին, որ հարվածեցիք, դարպասները խորտակեցի՞ք, այո՞»,- չեն կործանվել դարպասները, Գագիկ Պողոսյանը շարունակեց. «Երբ հարվածեցին, եղավ այնպես, որ ԱԱԾ-ի շենքում վառվեին բոլոր լուսարձակները, տագնապ հնչեցվեր, թե հարձակում է տեղի ունենում հրասայլով»,- վկայի պատասխանը նույնն էր՝ որևէ մեկը տագնապի մեջ չի եղել:
Գոհարը նաև ասաց, որ իրենք խուլիգանական նկրտումներ չեն ունեցել, հասարակական կարգ չեն խախտել:
Հաջորդ վկան` Մուրադ Վարձերյանը նույնպես շեշտեց, որ այդ օրը անցորդներն իրենց դրական են ընդունել, հասարակական կարգ չեն խախտել:
Արտակ Գևորգյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Այդ մեղադրանքի էությունը ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, ինձ մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով, ընդհանրապես չեմ կարողանում ընկալել, թե այդ որ հասարակական կարգն եմ խախտել, այն էլ կոպիտ կերպով: Իմ որևէ գործողությունն ուղղված չի եղել հասարակության դեմ»,- ընդգծեց նա:
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net