2012թ. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Կարեն Զաքարյանի` համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինն առանձնացնելու` դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Գործը քննվել էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի:
Դատարանի որոշմամբ երրորդ անձիք են ներգրավվել Ստեփան Զաքարյանը, Շամամ Զաքարյանը, Արուսյակ Զաքարյանը, Ռուզաննա Զաքարյանը, Մարինե Զաքարյանը, Էդգար Զաքարյանը, Անդրանիկ Հովհաննիսյանը:
Կարեն Զաքարյանը տուգանվել է ու ի վիճակի չի եղել մուծել այն, տուգանքը հնգապատկվել է՝ դառնալով 250 հազար դրամ:
ՃՈ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր` Կ.Մաթևոսյան) քննելով ծառայության հայցադիմումն ընդդեմ Կարեն Զաքարյանի` 250.000 ՀՀ դրամ վճարելու համար վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին, կարգադրել է Կարեն Զաքարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 250.000 ՀՀ դրամ:
2011թ. նոյեմբերի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ.Մանուկյանը, ուսումնասիրելով 21.04.2011թ. հարուցված թիվ 01/04-2039/11 կատարողական վարույթի նյութերը, պարզել է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից տրված թիվ ՎԴ/43433/03/09 կատարողական թերթի համաձայն պետք է Կարեն Զաքարյանից բռնագանձել 250.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 12.500 ՀՀ դրամ` որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: Կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Կարեն Զաքարյանը հանդիսանում է բնակարանի համասեփականատեր:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ճանապարհային ոստիկանությանը առաջարկել է պատասխանողին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից Կարեն Զաքարյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:
Պատասխանող Կարեն Զաքարյանի կողմից հայցադիմումի գրավոր պատասխան կամ հակընդդեմ հայց չի ներկայացվել:
Այս գործը հետաքրքիր է նրանով, որ 250 հազար դրամ տուգանքի պատճառով բնակարանում ապրող 6 անձիք մնում էին անօթևան:
Եթե հայցը բավարարվեր տունը պետք է վաճառվեր, առանձնացվեր Կարեն Զաքարյանի մասնաբաժինը, որից էլ տրվեր 250 հազար դրամը:
Ի՞նչ վճռեց դատավոր Ռուբեն Բունիաթյանը
Լսելով գործին մասնակցող անձանց ցուցմունքները, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտնել է, որ հայցը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:
Տվյալ դեպքում հայցվոր ՀՀ ոստիկանության ՙՃանապարհային ոստիկանություն՚ ծառայության ներկայացուցիչ Ա.Մարգարյանը խնդրել է պատասխանող Կարեն Զաքարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան. Կ.Ուլնեցու 2-րդ փակուղի 1ա շենքի 22 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Կարեն Զաքարյանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:
Վերլուծելով նշված հոդվածը` դատարանը գտել է, որ քաղաքացիական գործի քննության սահմաններն են ներկայացված հայցի շրջանակը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1495-րդ հոդվածի հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1497-րդ հոդվածի` հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:
Տվյալ հոդվածների վերլուծությունից ակնհայտ է, որ հայցի լրացումը հայցվորն իրավունք ունի իրականացնել քաղաքացիական գործի քննության նախապատրաստական փուլում:
Կոնկրետ դեպքում հայցովորի ներկայացուցչի հայցի լրացումը ներկայացրել է դատաքննության ընթացքում` 23.09.2013 թվականին, մինչդեռ քաղաքացիական գործը վարույթ է ընդունվել 2012 թվականի հունվարի 12-ին և նախապատրաստվել է դատաքննության, իսկ 30.05.2013 թվականին որոշում է կայացվել գործը դատաքննության նշանակելու մասին` դատաքննության օր նշանակելով 23.07.2013 թվականին, որի պայմաններում հայցի լրացման վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժվել է:
Ի վերջո դատարանը վճռել է հայցը մերժել՝ այսպիսով թույլ չտալով, որ սոցիալապես անապահով մի ամբողջ ընտանիք 250 հազար դրամի պատճառով հայտնվի դրսում:
Այս գործը բողոքարկվել է վերաքննիչ ատյանում և մասնակի բեկանվել՝ ուղարկվելով նույն դատարան այլ դատավորի մոտ քննության, սակայն դատարանը կրկին մերժել է ՃՈ-ի հայցը:
Ի դեպ, նշենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը 2012թ. ճանաչվել է Երևան քաղաքից, քաղաքացիական գործեր քննող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր: