Կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի օրակարագում ներառված է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը բացասական եզրակացության է արժանանալու:
Ըստ նշված օրենքի նախագծի առաջարկվում է 55000 դրամ կազմող նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 65000 դրամ: Համապատասխանաբար փոփոություններ են նախատեսվում նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքներում: Մասնավորապես, նախատեսվում է աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 330 դրամը դարձնել 390 դրամ, աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 367 դրամը՝ 434 դրամ, իսկ աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 550 դրամը՝ 650 դրամ:
Ըստ ներկայացված հիմնավորումների՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ներկայացվող փոփոխությունների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությում սոցիալական խնդիրների մի մասի լուծման անհրաժեշտությամբ:
Կառավարության հիմնավորություններով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրած բարձրացումները մեկնարկել են 2013 թվականից, որին համապատասխան, 2013-2015 թվականներիընթացքում, նվազագույն ամսական աշխատավարձի չափը 32500 դրամից աստիճանաբար հասել է 55000 դրամի (2013թ. հունվարի 1-ից` 35000 դրամ, 2013թ. հուլիսի 1-ից` 45000 դրամ, 2014թ. հուլիսի 1-ից` 50000 դրամ, 2015թ. հուլիսի 1-ից` 55000 դրամ): Արդյունքում 2013-2015 թվականներին նվազագույն ամսական աշխատավարձի աճը կազմել է 64.3 տոկոս:
Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 755-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված էր 2016 թվականիհուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 60000 դրամ, սակայն ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշներից ելնելով այն հետաձգվել է:
Եզրակացվում է, որ նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մոտավոր գնահատմամբ տարեկան հաշվարկով կկազմի առնվազն շուրջ 13 մլրդ դրամ), ուստի ներկայացված նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների ծախսերի գծով նույնպես կարող է առաջացնել լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:
Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: