Կաշառքի գործ. ամբաստանյալի աթոռին՝ ՊՆ զորամասի բուժկետի պետն ու 6 անձիք

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բուժկետի պետ Ս․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել կաշառք պահանջելու և ստանալու համար, իսկ 6 քաղաքացիների՝ կաշառք տալու:

Այս գործն արդեն դատարանում է, դատաքննությունն ընթանում է Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ Դավիթ Բալայանի նախագահությամբ, ով նաև դատարանի նախագահն է:

Գործով այսօր նիստ կար, հարցաքննվում էին վկաները:

Նրանցից ՊՆ կուրսանտ Գուրգեն Բաբայանը պատմեց, որ մայրը առողջական խնդիրներ ուներ: Նա դիմել է զորամասի բուժկետին՝ Ս․Մ․-ին՝ իմանալով, որ զինծառայողների ծնողների բուժման համակարգում կան արտոնեություններ:

Ս․Մ․-ն խնդրել է մոր հիվանդության մասին հաստատող փաստաթղթեր ներկայացնել, որոշ ժամանակ անց բուժման գործընթացը սկսել է: Նա պարզաբանել է, որ գոյություն ունի հավելավճար 45 հազար դրամ, Գուրգենն այն մուծում է. «Հետո իմացա, որ վիրահատությունը ավելի արժեր ու պետք է 200 հազար դրամ մուծել, օրենք է փոխվել ու պետությունն ամբողջությամբ չի կարող փոխհատուցել զինծառայողների ծնողների բուժման ծախսերը: Սկազբում ես մոտեցա բուժկետի պետին, ասաց, որ 200 հազար դրամ չպետք է տանք, հետո մայրս վիրահատության մտավ, զանգեց ասաց՝ հետաձգել են վիրահատությունը ու պահանջում են 200 հազար դրամը, ես մտա Ս․Մ․-ի մոտ, պայմանավորվեցինք, որ գումարը ուշ կվճարենք, մորս վիրահատեցին»,- պատմեց երիտասարդը:

Վիրահատությունից մեկ ամիս անց բժիշկը կանչում է կուրսանտի մորը հետվիրահատական ստուգումների համար, երիտասարդը նշեց, որ այդ ընթացքում աշխատասենյակ է մտնում մի անձ, ով դիմում է իր մոր. «Ձեր բախտը բերեց՝ 200 հազար դրամով պռծել եք,- նշեց Գուրգենը՝ հավելելով.- հետո ես մտածեցի, ու այդպես էլ չհասկացա, թե ինչի համար էր այդ 45 հազար դրամը ու զեկուցագիր գրեցի վերադասին»:

Ըստ կուրսանտի՝ այս զեկուցագրից երկու շաբաթ անց զորամաս են գալիս ռազմական ոստիկանության աշխատակիցները, մի քանի կուրսանտների առանձնացնում են շարքից ու տանում են նախաքննության մարմնի մոտ, մի քանի օր նրանք մնում են առանձին զորամասում, ցուցմունքներ տալիս:

Այսօր դատարանում հարցաքննվեց նաև կուրսանտի մորը վիրահատած բժիշկը Խաչատուր Վարդազարյանը, ով նախկինում աշխատել է ՊՆ-ում, հետո աշխատանքի է անցել մասնավոր կլինիկա, որտեղ էլ վիրահատել է կնոջը:

Նա պատմեց, որ իրեն դիմել է բուժկետի պետը՝ խնդրելով վիրահատել կուրսանտի մորը. «Ես զինվորական էի ու հրամանի տակ էի, պարտավոր էի վիրահատությունն իրականացրել: Ինձ նախաքննության ժամանակ հարցրել են, թե ինչ-որ մեկը զանգել է ինձ, խնդրել է, որ վիրահատությամբ զբաղվեմ, ես պատասխանում եմ, որ ոչ ոք ինձ չի զանգել ու ոչինչ չի խնդրել»,- նշեց նա:

Ս․Մ-ն հետաքրքրվեց վկայից, թե որպես նախկին զինծառայող՝ ի՞նչ է կարծում, արդյոք նորմալ է, որ աջակցում է կուրսանտին իր մորը վիրահատելու հարցում. «Նորմալ եմ նայում այդ հանգամանքին, Դուք բուժծառայության ղեկավար եք եղել, կարող եք»:

Բացի այդ, դատավորը հետաքրքրվեց, թե ինչ հանգամանքով էր պայմանավորված, որ կուրսանտի վիրահատությունն իրականացվեց հենց վկայի նոր աշխատավայրում՝ կլինիկայով, թե բժշկի անձով (Մանրամասները՝ տեսանյութում):

Նշենք նաև, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ս․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով ՀՀ ՊՆ-ում որպես բուժկետի պետ 2014թ. սեպտեմբերից մինչև 2015թ. ապրիլ ամիսներն ընկած ժամանակահատվածում, մի շարք դեպքերում պահանջել և անձամբ ստացել է տարբեր չափերի կաշառք, ևս 6 հոգի մեղադրվում են կաշառք տալու և կաշառք տալուն օժանդակելու հոդվածներով: Կաշառքի չափը կազմել է 80 հազար դրամ:

Գ.Թ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ