2016թ. ապրիլի 12-ին Եվրոպական խորհրդարանի նիստին թեժ քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հնչած 21 ելույթներից 8-ը հայամետ են եղել, մյուսները` հիմնականում չեզոք:
Այսպես, Անգել Դժամբազկին (Բուլղարիա), Խոսու Խուարիստի Աբաունցը (Իսպանիա) և Յարոմիր Շտետինան (Չեխիա) նշեցին, որ 2015 թ. սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխնախագահները Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ուղարկել են առաջարկություն՝ ստեղծելու հրադադարի խախտումները հետաքննող մեխանիզմ:
Դժամբազկիի խոսքով՝ այս մեխանիզմը բացակայում է հենց Ադրբեջանի մերժման պատժառով: Աբաունցը և Շտետինան ավելացրին, որ Հայաստանը պատրաստակամություն է ցուցաբերում այս հարցում և որ այսպիսի մեխանիզմի բացակայության պարագայում կողմերը կշարունակեն մեղադրել միմյանց հարձակումների մեջ, իսկ հակամարտությունը կմնա չլուծված:
Դժամբազկին անընդունելի համարեց Արևելյան գործընկերության անդամ և ԵՄ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումը, որը մարդու հիմնարար ինքնորոշման իրավունքի խախտում է և որի հետևանքով եղել են զոհեր:
Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ), հիշատակելով Ադրբեջանի կողմից վայրագ մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսի կոչում շնորհելու փաստը, դատապարտեց Հունգարիայի՝ նրան վերադարձնելու փաստը:
Իսկ Էլենի Թեոքարուսը (Կիպրոս) խոսեց Ադրբեջանի ավտորիտար և բռնապետական ռեժիմի մասին:
Էնգելը, հղում անելով ԵՄ գերագույն հանձնակատար Մոգերինիի այն դիրքորշամը, թե ստատուս քվոն կհանգեցնի միայն ավելի շատ բռնության, ընդգծեց, որ այդ բռնությունը գալիս է Ադրբեջանից, որը, մնալով նույն ագրեսորը, շարունակաբար խախտում է հրադադարը՝ տենչալով վերացնել այս տարածաշրջանում բոլոր հայերին և ամենը, ինչ հայկական է: Եվ հենց այս պատճառով է, որ Ադրբեջանը երբեք չի ընդունում Մինսկի խմբի առաջարկությունները՝ մերժելով ցանկացած փոխզիջում:
Չարլզ Թենոքը (Միացյալ Թագավորություն) ընդգծեց, որ Ալիևի ռազմատենչ ռազմավարության վրա ազդում է նաև նավթի գերակշռող ցածր գինը:
Կապված երրորդ երկրների շահերի հետ՝ Դժամբազկին նշեց, որ վերջերս Ադրբեջանը ստացել է միայն նեոօսմանական Թուրքիայի աջակցությունը, որը շահագրգռված է պատերազմի և Հայոց ցեղասպանության թեման քողարկելու հարցում: Ժան–Լյուկ Շաֆհաուզերը (Ֆրանսիա) «խաղաղության գործոն» Ռուսաստանին հակադրեց «այս նոր հրդեհը բոցավառող սատրապ Էրդողանին», ով ֆինանսավորում է ահաբեկչությունը և ստիպում Եվրոպային երգել և անգամ սողալ, ինչը նա ամոթալի որակեց:
Իսկ Չարլզ Թենոքը ադրբեջանական զինուժի կողմից ռուսական զենքի օգտագործումը դիտարկեց որպես Պուտինի՝ իր «ազդեցության գոտիներում» նորից խաղի մեջ մտնելը:
«Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 %-ը հայեր են, և այդ Ստալինն էր՝ ազգերի կոմիսարը, ով այս տարածաշրջանը՝ հայկական ինքնության այդ օրորոցը, միացրեց Ադրբեջանի Խորհրդական Հանրապետությանը»,- նշեց Շաֆհաուզերը:
Նրա գնահատմամբ՝ նույն խնդիրն առկա է արևելյան Ուկրաինայում, որի ռուսազգի բնակչությանը Ստալինը ձուլել էր Ուկրաինային: Շտետինան իր երկարատև աջակցությունը Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հարցում բացատրեց նույն հանգամանքով՝ նշելով, որ Սովետական Միությունը Ղարաբաղը 20-ականներին պարտադրաբար հանձնեց Ադրբեջանին՝ համաձայն «Բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքի:
Էնգելը առաջնահերթություն համարեց Լեռնային Ղարաբաղի՝ վաղուց օրինական դարձած անկախության, իսկ Թեոքարուսը և Աբաունցը՝ ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Թեոքարուսը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաստակել է իր ազատությունը և ինքնորոշման իրավունքը 60 տարի շարունակ սովետական տոտալիտարիզմին դիմակայելուց և Ադրբեջանին չձուլվելուց հետո:
Աբաունցը, նշելով, որ Ղարաբաղի ժողովրդի «տառապանքը եղել է աննկարագրելի», ընդգծեց, որ այժմ այն փորձում է ապրել ազատության և ժողովրդավարության մեջ՝ քաղաքական բազմակարծությամբ, անկախ դատական համակարգով և ազատ մամուլով:
Իր հերթին՝ Մառեկ Յուռեկը (Լեհաստան) ասաց հետևյալը. «Հայաստանն ապահով սահմաններ ունենալու առանձնահատուկ իրավունք ունի: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անվտանգության առանձահատուկ իրավունք ունի: Մենք առանձնահատուկ պարտավորություն ունենք՝ սրա մասին հիշելու»:
Դժամբազկիի կարծիքով՝ Եվրոպական խորհրդարանը պետք է հանդես գա Ադրբեջանին դատապարտող հստակ դիրքորոշմամբ, իսկ Թեոքարուսի կարծիքով՝ Եվրոպական միությունը պարտավոր է աջակցել Ղարաբաղի՝ միայն հանուն իրենց անկախության պայքարող բնակիչներին: Վերջինս նաև նշեց, որ, հարմարավետ հեռավորություն պահպանելով, ԵՄ-ն պահպանում է անարդար ստատուս քվոն: Թեոքարուսը կոչ արեց այս ագրեսիայի համար Բաքվի հանդեպ պատժամիջոցներ կիրառել, որոնք «մեզ ավելի կմոտեցնեն խաղաղությանը»:
Մառեկ Յուռեկը (Լեհաստան), շեշտադրում կատարելով հայ ազգի մեծ և ծանր պատմական փորձի վրա, Հայաստանի անվտանգությանն աջակցելու տեսանկյունից կարևորեց այնտեղ մեծ ներկայություն ունենալը: Իսկ բրիտանացի Թենոքը սահմաններում ապակայունացումից խուսափելու տեսանկյունից կարևորեց Եվրոպայի՝ ներդաշնակորեն և համակարգված գործելը:
Պատրաստեց Հայկուհի Ալավերդյանը