Արագ ձերբակալել և ունեզրկել այս աղքատ երկրում մեծահարուստներ դարձած կոռումպացված ներկա և նախկին պաշտոնյաներին. Վիկտոր Ենգիբարյան

«Առաջիկա 20-ից 50 տարիներին Ադրբեջանի բնակչությունը կհասնի 14-ից մինչև 20 միլիոն, ադրբեջանական տնտեսությունը ներկա պահին ունի զարգացման բավականին լուրջ պոտենցիալ, թե կապված տրանսազգային նախագծերի հետ, և թե գազի ու նավթի պարզունակ վաճառքի հետ: Նրանք ունեն նաև հուսալի բարեկամներ, որոնք Հայաստանը ու ԼՂՀ-ն չունեն: Իբրև պարզ շուկա Ադրբեջանը նաև ավելի հետաքրքիր է և կլինի ԵՄ համար: Հարևան Թուրքիան ամենայն հավանականությամբ Էրդողանից և Պուտինից հետո կբարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրանք բերելով գոնե չեզոք մակարդակի: Պուտինից հետո Ռուսաստանը հավանաբար զգալի կթուլանա, վերջին տարիներին այն թշնամիների ու «չուզողների» մեծ բանակ է ձևավորել, որը Պուտինի անձի շնորհիվ այս պահին ուղիղ սպառնալիք չէ երկրի համար, իսկ նրանից հետո հավանաբար կդառնա: Լեհաստան, Ուկրաինա, Թուրքիա և միշարք փոքր երկրներ կստեղծեն հակառուսական ռազմական բլոկ, որը կհովանավորի ՆԱՏՕ-ն՝ առանց ուղիղ ներգրավվման: Ռուսաստանը նաև պետք է սպասի հարվածներ միջինասիական տարածաշրջանից և Չինաստանից:

Հայաստանի հիմնական «գործընկեր» Սփյուռքը Հայաստանին գնալով ավելի քիչ է վստահում կապված երկրում կոռուպցիայի ահռելի չափերի հետ: Եթե այսպես շարունակվի առաջիկա 20-50 տարիների ընթացքում Հայաստան-Սփյուռք կապը գնալով կթուլանա, պայմանավորված նաև ժամանակային գործոնով: ՌԴ հայ համայնքը ավանդաբար եղել է ու կմնա թույլ, ռուսական մշակույթը արագորեն ասիմիլացնում է հայերին ամենաշատը մեկ սերունդ հետո: Այս համայնքը պարբերաբար կօգտագործվի Հայաստանի դեմ, իհարկե որոշ դրական բացառություններով:

Տարբեր հանգամանքներով պայմանավորված, եթե այսպես շարունակվի, Հայաստանի բնակչությունը եթե չպակասի ապա չի էլ ավելանա:
Եթե առաջիկա 20-ից 50 տարիների ընթացքում, նույնիսկ պահպանվի ԼՂՀ և հարակից տարածքների ստատուս քվոն, ինչի մասին շատերը երազում են, և եթե նույնիսկ չլինեն լայնամասշտաբ պատերազմներ, ապագայում մենք կունենանք բավականին փոքր բնակչությամբ Լեռնային Ղարաբաղ, հյուծված տնտեսություն և դատարկ սահմանամերձ տարածքներ: Աշխարհաքաղաքական այսպիսի պայմաններում բացառված է, որ ԼՂՀ-ն ճանաչվի որևէ լուրջ երկրի կողմից:

Ի՞նչ պետք է անել.

  1. Արագ ստեղծել սոցիոլոգների խումբ, որը կուսումնասիրի «էլէկտրիկ Երևանի» և «Չորսօրյա պատերազմի» հայ հասարակության և Սփյուռքի մոբլիզացման ֆենոմենը, կատարել հետևություններ: Խումբը պետք է ղեկավարի Պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը: Խմբի կողմից առաջ բերվող եզրակացությունները և հետևությունները կիրառել բարեփոխումներ իրականացնելու նպատակով:
  2. Արագ ձերբակալել և ունեզրկել այս աղքատ երկրում մեծահարուստներ դարձած կոռումպացված ներկա և նախկին պաշտոնյաներին, առգրավված գումարները ներգրավել տնտեսության մեջ: Պետության ղեկավարությունը պետք է ապացուցի, որ Հայրենիքը ավելի թանկ է:
  3. Զինվել, աննախադեպ ծավալներով ու գերժամանակակից տեխնիկայով հագեցնել ԼՂՀ-ն և ՀՀ-ն:
  4. Երկրորդ կետի գումարների մի լուրջ մաս ուղղել գիտահեն տնտեսության և բանակի զարգացմանը:
  5. Ստեղծել ռազմական ակադեմիաներ, որտեղ պարտադիր և պարբերաբար ուսուցում կանցնեն երկրի բոլոր քաղաքացիները, այդ թվում կանայք և երեխաները:
  6. Պետությունը պետք է իրականում համարի, որ իր միակ գործընկերը քաղաքացիական հասարակությունն է և Սփյուռքը, այս պարագայում վստահաբար ամբողջ աշխարհով մեկ կսկսվեն աննախադեպ դրամահավաքներ, որոնք կուղղվեն Հայաստանի տնտեսությանն ու բանակին: Երկրի ներսի մոբլիզացիոն ուժի շնորհիվ հնարավոր կլինի հիմնովին վերացնել կոռուպցիան, բոլորի ջանքերը ուղղել երկրի տնտեսության զարգացմանը և հզոր բանակի կառուցմանը: Թե ինչպես, տես առաջին կետ:
  7. Պաշտոնական մակարդակով հայտարարել, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունները ճանաչեն ԼՂՀ անկախությունը, այն պատրաստ է վերադարձնել անվտանգությանը ծառայող «բուֆերային զոնան» և իրականացնել տարածաշրջանային խաղաղությանը նպաստող նախագծեր: Իբրև բարի կամքի դրսևորում, Հայաստանը կարող է նաև հայտարարել, որ թույլ կտա Նախիջևանից դեպի Ադրբեջան կառուցվի տնտեսական կոմունիկացիաներ»:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյան ՖԲ հաշվից;

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ