Սույն թվականի ապրիլի 1–ից ուժի մեջ մտած ՀՀ Կառավարության թիվ 262–Ն որոշմամբ սահմանվել են ստորև նշված նոր դրույքաչափերը.
Պարգևավճար ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`
1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում, մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս` հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով`
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 32000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 28000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 23000 դրամ.
2) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով`
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 5000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 3000 դրամ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս` հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով`
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 55000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 48000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 36000 դրամ.
4) համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով`
ա. 1-ին խմբի հաշմանդամը` 19000 դրամ,
բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 17000 դրամ,
գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 15000 դրամ.
5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները` 12000 դրամ.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ.
7) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները` 150000 դրամ.
8) Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15000 դրամ.
9) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս` զոհված զինծառայողի ընտանիքի անդամները` հետևյալ չափերով`
ա. յուրաքանչյուր երեխան` 16000 դրամ,
բ. յուրաքանչյուր այլ անդամ` 13000 դրամ.
Միևնույն ժամանակ, ըստ այդ որոշման` վերը սահմանված 1-6-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը` իր ընտրությամբ: