Վիեննայում ապրիլի 5-ին կկայանա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ նիստը՝ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) մասնակցությամբ. գրում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ԵԱՀԿ-ի կենտրոնակայանի իրազեկ աղբյուրին:
ԵԱՀԿ-ի նախագահությունը որոշել է մշտական խորհրդի հատուկ նիստ գումարել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ:
Սպասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդին տեղեկացնելու են հակամարտության գոտու իրադրության և կարգավորման ուղիներ գտնելու հետագա քայլերի մասին: Բացի այդ, օրվա ընթացքում Մինսկի խմբի մասնակիցները, որի մեջ մտնում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի ներկայացուցիչները, կանցկացնեն հանդիպումներ և խորհրդակցություններ։