Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտին.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված պատերազմական գործողությունների կապակցությամբ ես հորդորում եմ բոլոր կողմերին ծայրահեղ զգուշություն և զսպվածություն ցուցաբերել, որքան հնարավոր է: Ես կանեմ հետևյալ հայտարարությունը. հակամարտությունն այս պահին ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին:
Մի քանի օր առաջ պատահածը շատ նման է ռուսական սադրանքի, որն այս անգամ ուղղված է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, ինչը վնասում է նաև Հայաստանին: Ես միշտ գիտեի, որ Պուտինը կօգտագործի ամերիկյան ղեկավարության՝ «գործառույթների մեջ թերացող»-ի (“lame duck”) կարգավիճակը՝ մեծ անկարգություններ բորբոքելու համար: Մոսկվան արդեն բավական երկար ժամանակ պատրաստվում էր Ղարաբաղյան հակամարտության ապասառեցմանը: Այն ակտիվորեն զինում էր երկու կողմերին. վերջին տարիներին Պուտինի հրամանով նաև Դաղստանից Վրաստան տանող ռազմական ճանապարհ է կառուցվել, որը միաժամանակ Ադրբեջան ներխուժելու ամենակարճ ճանապարհն է:
Հակամարտություն սադրելով՝ Ռուսաստանը միանգամից մի քանի ռազմավարական նպատակ է հետապնդում. ներխուժել և գրավել այն տարածքները, որոնցով անցնում են հիմնական ադրբեջանական նավթագազատարերը (հիշենք, որ հենց դրանցից են ռուսները հրետակոծություն իրականացրել 2008 թ. Վրաստան ներխուժման ժամանակ), և այդպիսով զրկել Եվրոպային Ադրբեջանից և, հնարավոր է, նաև Կենտրոնական Ասիայից (Թուրքմենստան) եկող այլընտրանքային էներգիայի աղբյուրներից: Սա կարող է շատ վտանգավոր դրության մեջ դնել Իլհամ Ալիևի ծայրահեղ անկախ կառավարությանը: Ռուսաստանը նաև կբանեցնի ուժեղ ռազմական ճնշում Վրաստանի նկատմամբ և դրան շանտաժի կենթարկի այս տարվա պառլամենտական ընտրություններից առաջ, որտեղ, ինչպես երևում է, ռուսամետ «Վրացական երազանք»-ի (Իվանիշվիլի) ղեկավար կոալիցիան անխուսափելիորեն դատապարտված է ձախողման, և Վրաստանը կընկնի հարվածի տակ: Պուտինը նաև խիստ կբարդացնի Թուրքիայի դրությունը, որին երդվել էր պատժել: Անկարան ստիպված կլինի ներքաշվել պատերազմի մեջ միաժամանակ երկու ճակատով:
Ես այս վտանգների մասին տարիներ շարունակ զգուշացրել եմ շատ արևմտյան և տարածաշրջանային առաջնորդների. խորապես համոզված եմ, որ բոլոր կողմերը պետք է դրսևորեն ծայրահեղ զգուշություն և զսպվածություն և անմիջապես դադարեցնեն անկարգությունները: Այս պահին մենք գործ ունենք այնպիսի մի սցենարի հետ, որում Պուտինը երկար ժամանակ պատրաստվել է, իսկ Արևմուտքը դրա վրա աչք է փակել և, ինչպես միշտ, կարող է հանկարծակիի գալ Ռուսաստանի գործողություններից: Մենք պետք է բոլորս սպասենք այն պահին, երբ Պուտինն առաջիկա տարիներին անխուսափելիորեն կթուլանա, և հետո մեր չլուծված տարածաշրջանային խնդիրներին տանք այնպիսի բանակցված կարգավորում, որը կբխի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, և թե՛ Վրաստանի շահերից»: