Տղամարդը մեղադրվում էր ապօրինի զենք պահելու մեջ. դատարանը նրան արդարացրեց

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Զոյա Զաքինյանի կայացրել է արդարացման դատավճիռ:

Դռնբաց դատական նիստում, քննվել է քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Մելիքբեկյանի:

Նա մեղադրվում էր այն բանի համար, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ապօրինի ձեռք է բերել և իր տանը պահել է որսորդական ակոսափող հրազեն և փամփուշտներ:

2(7)

Դատավոր Զոյա Զաքինյան

Գործով ձեռք բերված ապացույցների համաձայն ամբաստանյալը խնդրել է ընկերոջից ժամանակավորապես զենք տրամադրել` շնագայլերի վրա կրակելու և իր տան շրջակայքից հեռացնելու նպատակով: Նշված փաստը հաստատված է նաև մեղադրական եզրակացության նկարագրական մասում: Ըստ դատարանի՝ թե՛ նախաքննությամբ, թե՛ դատաքննությամբ, հիմնավորվել է զենքն ամբաստանյալի տանը հայտնվելու նպատակը, այն է` ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար շնագայլերին հեռացնելը: Արթուր Մելիքբեկյանի գործողություններն ուղղված չեն եղել ապօրինաբար զենք ձեռք բերելուն կամ պահելուն: Նրա արարքում թեպետ ձևականորեն առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հատկանիշներ, սակայն հիշյալ զենքն ու ռազմամթերքը նրա տանը գտնվել են ժամանակավորապես` որոշակի նպատակով: Արարքի գնահատման համար կարևոր է դրա կատարման նպատակը և գործողության ուղղվածությունն ու դիտավորությունը: Ամբաստանյալը զենքը խնդրել է ոչ թե այն ապօրինաբար ձեռք բերելու և պահելու, այլ ժամանակավորապես` շնագայլերին վախեցնելու, դրանց վրա կրակելու և իր տան շրջակայքից հեռացնելու նպատակով: Այսինքն` ամբաստանյալի արարքի նպատակը հանրորեն վտանգավոր գործողություններ կատարելը չի եղել: Նա զենքն ու զինամթերքը ձեռք չի բերել կամ պահել որևէ անձի, կամ հասարակությանը, կամ պետությանը վնաս պատճառելու նպատակով: Նրա նպատակը եղել է ընդամենն իր ընտանիքի անվտանգությունն ապահովելը:

Ուստի դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Արթուր Մելիքբեկյանին արդարացնել` նրա արարքում հանցագործության դեպքի բացակայության պատճառով: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Ամբաստանյալի նկատմամբ ընտրվել էր «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել