Հարևանուհուն հարկադրել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ

45-ամյա Պերճ Հարությունյանը դատապարտվել է հարևանի կնոջը իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Յուրի Իսկոյանի նախագահությամբ:

Համաձայն գործի նյութերի՝  2015 թվականի մայիսից մինչև  հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Պերճը հարևանուհու՝ Կարինեի (անունը փոխված է)  բջջային հեռախոսահամարին զանգահարել և հաղորդագրություններ է ուղարկել՝ սպառնալով, որ գյուղում կտարածի, թե իբրև նա անբարոյական է, եթե իր հետ սեռական հարաբերություն չունենա:

Հարևանուհին այդ ժամանակահատվածում մենակ է բնակվելիս եղել, քանի որ որդիներն ու ամուսինը արտագնա աշխատանքի են մեկնած եղել Ռուսաստան: Կարինեն  մերժել է նրան և ասել, որ այլևս չանհանգստացնի, ամոթ է, իրենք լավ հարևաններ են: Ի դեպ, գործի նյութերից պարզա  է դառնում, որ Պերճի և Կարինեի ընտանիքները շուրջ քսան տարի ճանաչել են իրար, մտերիմ են եղել:

Մերժում ստանալուց հետո սակայն Պերճը երեկոյան ժամերին հաճախակի գնացել է Կարինեի տան բակ, հարվածել տան պատուհաններին, դռանը և ասել, որ դուռը բացի, սպառնացել, թե եթե չբացի, պատուհանը կջարդի, կմտնի տուն, նրա հետ սեռական հարաբերություն կունենա, հետո նրան կսպանի և այդ մասին որևէ մեկը չի իմանա: Կարինեն դուռը չի բացել և Պերճը  հեռացել է տան մոտից:

Դրանից հետո տարբեր ժամերի Պերճը զանգահարել է, հաղորդագրություններ է ուղարկել հարևանուհու հեռախոսահամարին և սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով կրկին ասել է, որ իր դուրը գալիս է և պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա: Գնացել է հարևանուհու տան բակ, բացել ջրի պոմպը, կոտրել աղբյուրը, հետո բակի հորն է քանդել և ջրի խողովակի մեջ փայտ է մտցրել, քանդել է հողամասում ցանված կանաչին:

Իսկ հետո մտել է տուն, անցել խոհանոց, որտեղ հարևանուհին գազի կաթսայի մոտ կաթ եփելուց է եղել: Նորից իր հետ սեռական հարաբերություն ունենալու պահանջ է դրել: Կինը   վերցրել է խոհանոցային դանակը և պահանջել է՝ հեռանալ իր տնից: Սակայն Պերճը նրա ձեռքից դանակը վերցրել է ու դրել  նրա կոկորդին, ասել, թե կսպանի նրան, եթե իր  հետ սեռական հարաբերություն չունենա: Հարևանուհին ուշագնաց է եղել: Ուշքի է եկել հյուրասենյակում, ամբողջովին թաց: Այդ ժամանակ պատահական իր տուն են գնացել Պերճի կինն ու դուստրը, ու իրենց հարևանուհին, ովքեր իրեն օգնել են:

Պերճը այդ դեպքից հետո էլ շարունակել է հաղորդագրություններ գրել  հարևանուհուն ու սպառնացել, թե եթե իր ուզածը չանի, գիշերով նրա անասուններին բաց կթողնի գոմից: Գրել է նաև, թե իրեն վարկաբեկող գրություն կթողնի հարևանի մոտ, ինչն էլ արել է. հարևանի տան դռան մոտ գրություն է թողել, թե Կարինեի հետ մի շփվեք, նա անբարոյական է: Կարինեն սակայն այս անգամ զանգահարել է ամուսնուն ու հետ կանչել, ստեղծված իրավիճակի մասին պատմել է նաև Պերճի կնոջն ու դստերը:

Դատարանը ապացուցված է համարել Պերճի մեղավորությունը և պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ չկան ծանրացնող հանգամանքներ և որպես մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա  նախկինում դատված չի եղել, զղջացել է կատարած արարքի համար, խնամքին են 3 անչափահաս երեխաները: Դատարանը դատապարտել է նրան մեկ տարվա ազատազրկման, սակայն կիրառել է նաև Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պայմանականորեն ազատ արձակել նրան:

Այս դատավճռի դեմ սակայն վերաքննիչ ատյան բողոք է ներկայացրել տուժող կողմը՝ պահանջելով «արժանի պատիժ»: Վերաքննիչ ատյանում գործի քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել