Լարված իրավիճակ ԱԺ-ում. վիճում են պատգամավորն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը

Այսօր Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցը քննարկվում էր բավականին լարված մթնոլորտում: Պատգամավորները մի շարք դժգոհություններ հնչեցրին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը մոտենալով ամբիոնին ասաց, որ էլեկտրաէներգիայի գինը բարձր չէ՝ համեմատած մյուս երկրների հետ:

Նա նաև անդրադարձավ գազի սպասարկման ոլորտին՝ ասելով. «Մենք հնարավորություն ենք տվել ինչպես բնակիչ բաժանորդներին, այնպես էլ իրավաբանական անձանց, որ իրենք սեփական հաշվիչների ստուգումը իրականացնեն իրենց ցանակացած կազմակերպությունների մոտ, այլ ոչ թե «Գազպրոմ Արմենիայի»:

Խոսելով հանրության շրջանում քննարկվող հավելագրումների և հաշվիչների ժամերի խախտման դեպքերի մասին, պարոն Նազարյանը նշեց. «Հանձնաժողովում քննարկում է կատարվել ու հանձնարարվել է ուսումնասիրել, տալ պատասխաններ: Բացի այդ, հաշվիչների ժամերի խախտմամբ հարուցվել է վարչական վարույթ, ՀԷՑ-ին հանձնարարվել է իրականացնել գույքագրում»:

Նա նաև հիշեցրեց էլեկտրաէներգիայի սպառողներին, որ համաձայն գործող կարգի՝ նրանք կարող են լրացուցիչ կնքել իրենց հաշվիչը կամ թուղթ փակցնել արկղի վրա:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի գներին, նա նշեց, որ համեմատության մեջ մեր երկրում այն բարձր չէ. «Հայաստանում բնակչության համար սահմանված գնի միջին մեծությունը համարժեք է 10 ԱՄՆ ցենտ կիլովատ ժամի, մինչդեռ Լիտվայում այն կազմում է 30 ցենտ…»,- նա չէր հասցրել խոսքն ավարտել, երբ միջամտեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ հորդորելով փաստերը չխեղաթյուրել. «Եկամուտների տերը ես չեմ, դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատում եք Բելառուսի հետ, որտեղ կա պետական դոտացիա»,- ասաց պարոն Նազարյանը՝ շարունակելով իր վերլուծությունը. «Էստոնիայում՝ 12,46, Լեհաստանում՝ 16,15, չեմ ասում մյուս երկրների մասին, որ հասնում են մինչև 20 ցենտի»,- ամբիոնից նա հեռացավ, բայց վեճերը չդադարեցին. «Սուտ ա ասում, մարդը»,- բաղավում էր պատգամավոր Բագրատյանը՝ պահանջելով թույլատրել իրեն մոտենալ ամբիոնին, իսկ Նազարյանը նրան էր անվանում ստախոս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել