ԵՊՀ-ն՝ 4-րդ կուրսի ուսանողին հեռացնելու վերաբերյալ

Քիչ առաջ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է, թե ինչու է 4-րդ կուրսի ուսանողը հեռացվել բուհից: Հայտարարության մեջ նշվում է.

«Վերջին օրերի ընթացքում մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Եսայանի համալսարանից հեռացվելու փաստին:

Միանգամից ասեմ, որ Հովհաննես Եսայանը համալսարանից հեռացվել է դեռևս 2-րդ կուրսում ունեցած ֆիզդաստիարակություն առարկայի լուծարքը չհանձնելու, 2 տարի շարունակ այդ առարկայի դասերին կրկին չմասնակցելու և մինչև 4-րդ կուրսի 2-րդ կիսամյակն այն չլրացնելու համար: Այս ամենը նախատեսված է ԵՊՀ կրթական ծրագրերով և ֆիզդաստիարակություն առարկան ԵՊՀ կրթական ծրագրերով նախատեսված պարտադիր դասընթաց է, ինչպես ԵՊՀ-ում ուսուցանվող այլ դասընթացներ:

Երկու տարի շարունակ նա հնարավորություն է ունեցել նորից մասնակցելու դասընթացին և հանձնելու այն: Սակայն փաստացի չի մասնակցել, և օրենքով սահմանված կարգով, հեռացվել է համալսարանից:

Ամեն ինչ շատ պարզ է: Միաժամանակ, տարօրինակ և անհասկանալի են այն բոլոր շահագրգիռ անձանց և հատկապես մի շարք լրատվամիջոցների տեսակետները, ովքեր միակողմանի ներկայացնում են Հովհաննես Եսայանի տեսակետը՝ որպես անբեկանելի ճշմարտություն: Հեռացված ուսանողը միտումնավոր լրատվական դաշտ է տարածել ապատեղեկատվություն, որ իբր նա իր ուսանողական տարիների ընթացքում միշտ աչքի է ընկել բացախոսությամբ, ազատ խոսքով, ինքնատիպ մտածողությամբ, և այդ իսկ պատճառով մշտապես հալածվել և 4-րդ կուրսում էլ հեռացվել համալսարանից:

Սովորական զազրախոսություն: Ոչ ոք չի կարող բերել գեթ մեկ փաստ, որ իր ուսումնառության ընթացքում նա խնդիր է ունեցել համալսարանում իր մտածելակերպի, յուրատեսակ կեցվածքի  պատճառով: Ուղղակի անբարոյական է սովորական կրթական գործընթացը կապել ազատ խոսքի, քաղաքական դիրքորոշումների, էլ չեմ խոսում ԵՊՀ ուսանողական կազմակերպությունների աշխատանքի հետ: Երբևէ եղե՞լ է, որ Հովհաննես Եսայանն իր քաղաքական կարծիքը, իր խոսքերով ասած, բոլորից տարբերվող տեսակետը հայտնած լինի համալսարանում կամ ուսանողական կառույցներում, և հասկացված չլինի կամ «դատապարտված» լինի: Չկա՛ նման բան:

Արդյո՞ք համալսարանն ունի իրավունք անսալով հեռացված ուսանողի մի քանի կուրսընկերների, մի շարք լրատվական կայքերի, ֆեյսբուքյան մի քանի օգտատերի և այլ, այսպես կոչված, բարեխոսների հորդորին՝ խախտելու օրենքը և ուսանողին թողնի, որ առանց կրթական ծրագրով նախատեսված դասընթացներից մեկը հանձնելու ավարտի համալսարանը, իսկ մնացած հազարավոր ուսանողների վրա կիրառի օրենքը: Կամ նրա պես ֆիզդաստիարակություն առարկան չհանձնած այլ ուսանողների հեռացնի համալսարանից, իսկ ուսանողներից մեկին, ով գիտի ԿԳ նախարարին բաց նամակ գրելու ձևը, հանձնի դիպլոմ:

Այս ամենը, մեղմ ասած, ուղղակի անտրամաբանական է, բարձրացված աղմուկն էլ՝ տարօրինակ:

Հ.Գ. Հովհաննես Մուշեղի Եսայանի ԵՊՀ-ում ուսումնառության 7 կիսամյակների հանրագումարային ՄՈԳ-ը, այսինքն՝ միջին որակական գնահականը 9.64 է (հնարավոր 20 միավորից):

Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել