2015 թվականի ընթացքում «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի, Եղեգնուտի, Դսեղի և Ստեփանավանի անտառտնտեսությունների տարածքներում հայտնաբերել է ավելի քան 2000 անօրինական հատված ծառ։ Գրեթե բոլոր ահազանգերի արդյունքում հարուցվել են քրեական գործեր և մի մասն էլ արդեն քննվում է դատական ատյաններում։
Այս փաստերին վերաբերող մեր պաշտոնական հարցման պատասխանից տեղեկանում ենք, որ այդ ծառահատումների մի մասը հետագայում արձանագրել է նաև բնապահպանության նախարարությունը։ Նախարարության բնապահպանական պետական տեսչության ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալներն իհարկե իրականության միայն փոքր մասն են արտացոլում, բայց սա էլ կարելի է որոշակի առաջընթաց և ձեռքբերում համարել։
Ներկայացնում ենք ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Խաժակ Աղաբեկյանի պատասխանն իրենց կողմից արձանագրած ծառահատումների վերաբերյալ․
«1. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի» անտառտնտեսություն մասնաճյուղում ապօրինի հատված 142 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 2 662 500 դրամ: Նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին:
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 27 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 655 500 դրամ: Նյութերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնին:
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 96 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 7 077 000 դրամ: Նյութերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնին:
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 22 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 841 500 դրամ: Նյութերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությանը:
- Հայտնաբերվել նաև ՀՀ Սյունիքի մարզի Ծավ գետի հարակից տարածքներում՝ 208 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 5 803 750 դրամ: Ներկայումս իրականացվում են տարածքի պատկանելիությունը պարզելու և տեղադիրքի ճշգրտման աշխատանքներ: Նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնին»:
Ուզում ենք հատկապես նշել, որ շատ հեռու են իրականությունից Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսությունների մասին ներկայացված նախարարության տեղեկությունները, որտեղ մենք հայտնաբերել էինք մոտ 1000 ծառի կոճղ, որոնց վրա չկային օրինականությունը հաստատող և ոչ մի նշում, ինչը հստակ իրավունք է տալիս մեզ պնդելու, որ դրանք բոլորն էլ եղել են ապօրինի հատումներ (մանրամասները այստեղ)։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը նույնպես պատասխանել է մեր հարցմանը, որին առանձին կանրադառնանք մոտ օրերս։
Հ․Գ․ Որպեսզի լավ պատկերացում կազմեք, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանի անտառներում, դիտեք նաև ՀԲՃ-ի «Ոչնչացվող անտառի հետքերով» տեսաշարքի թվով տասը տեսանյութերը։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն