Վերջին երկու տարիներին մեր դատական համակարգ մուտք են գործել բազմաթիվ երիտասարդ դատավորներ: Որպես կանոն նրանք դատավորի պաշտոն են ստանձնում արդեն իսկ աշխատելով այս համակարգում` որպես դատավորների օգնական: Մենք փորձել ենք հասկանալ, թե ովքեր են առաջին ատյանի դատարանների ամենահարուստ երիտասարդ դատավորները:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 8 մլն դրամ 12 հազար ԱՄՆ դոլար: Տարվա վերջում ավելացել են դրամով նրա դրամական միջոցները` հասնելով 10 մլն-ի: Կին դատավորի աշխատավարձը հարկային տարում 5,6 մլն դրամ է:
Նույն դատարանից Սարգիս Երիցյանը պաշտոնը ստանձնել է 2016թ.-ին: Մինչ այդ նա աշխատել է Լոռու մարզի դատարանում, 2014թ.-ին վաճառել է իր բնակարանը` 13.8 մլն դրամով և MERCEDES-BENZ S 600 L մակնիշի ավտոմեքենան 2,8 մլն-ով:
Այդ տարի պարոն Երիցյանը 4 կետով հայտարարագրել է նվիրատվություններ` շուրջ 10 մլն դրամի և 8000 ԱՄՆ դոլարի չափով:
Պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ դատավորն ունի երկու մեքենա` TOYOTA RAV 4 2.0 և TOYOTA COROLLA 1.6 մակնիշների:
Տեղեկանում ենք նաև, որ պարոն Երիցյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հանձնել է 104 հազար ԱՄՆ դոլարի փոխառություն:Նրա դրամական միջոցները կազմել են 41 մլն դրամ, 41,8 հազար ԱՄՆ դոլար ու 8 հազար եվրո:Ի դեպ, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչություն ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին է:
11 մլն դրամ և 26 հազար ԱՄՆ դոլար է պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանը, 2015թ. վերջում ավելացել են նրա դրամական միջոցները դրամով` հասնելով 17 մլն-ի:
Դատավորի ամուսինը 2015թ. 75,9 մլն դրամով գնել է անհատական բնակելի տուն, իսկ դրամական միջոցները 2015թ. վերջում կազմել են 48 մլն դրամ ու 19 հազար ԱՄՆ դոլար:
Գայանե Մազմանյանը, ով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակվեց հունվար ամսին, դեռևս պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը չի ներկայացրել:2015թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ տիկին Մազմանյանն ունի 5,5 մլն դրամ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու հողամաս և մեկ անհատական կիսակառույց շինոթյուն, ինչպես նաև MITSUBISHI COLT 1300 GLI մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 1,2 մլն դրամով: 2015թ. վերջում դատավորի դրամական միջոցները կազմել են 7 մլն դրամ:
Հովհաննես Ավագյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը ունի բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, OPEL VECTRA 1.8 և NISSAN Fuga մակնիշի ավտոմեքենաներ: 2015թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 9,5 մլն դրամ ու 10 հազար ԱՄՆ դոլար, կինն ունի 6000 դոլար: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը 2015թ. վերջում ունեցել է 15 մլն դրամ: Նրա եղբայրը Վիգեն Պետրոսյանը դատախազ է: Նույն տարի նա ստացել է 6000 ԱՄՆ դոլարի փոխառություն:
Հաջորդ դատավորը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից է` Մնացական Հարությունյանը: 2015թ. նա 6,2 մլն դրամով գնել է KIA SORENTO 3.5 մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցները տարվա սկզբում եղել են 7,5 մլն դրամ, վերջում` 6 մլն:
Պատրաստեց Գևորգ Թոսունյանը