Դատավոր Վահե Խալաթյանի գույքն ու եկամուտները

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանն այս պաշտոնը ստանձնել է 2009 թվականի փետրվարի 27-ին:

Ըստ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրի, նա 2011, 2012 և 2013 թվականներին չի ունեցել դրամական միջոցներ, իսկ եկամուտներն էլ ստացվել են միայն աշխատանքի դիմաց վարձրատրությունից: Այսպիսով՝  2011-ին ունեցել է 5.6 միլիոն դրամի եկամուտ,  2012-ին՝ 6.95 միլիոն դրամ, 2013-ին՝  աշխատավարձից ստացված եկամուտը եղել է 6.04 միլիոն դրամ:

Հետաքրքիր է, որ 2014 թվականի տարեկան հայտարարագրում սակայն նշվել է, որ նա տարեսկզբին ունեցել է 1 միլիոն դրամ խնայողություն, որը տարեվերջին դարձել է 2.5 միլիոն դրամ: Այսինքն, դատավորը առնվազն 2013 թվականի տարեկան հայտարարագրում չի նշել ունեցած դրամական միջոցները: 2014-ին նրա եկամուտը կազմել է 9.08 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:

2015 թվականի ընթացքում դատավորը ձեռք է բերել հողամաս՝ 600 հազար դրամով: Նրա խնայողությունները աճել են՝ դառնալով 4 միլիոն դրամ, իսկ եկամուտը նվազել է՝ 8.04 միլիոն դրամ:

Նրա կինը՝ Լիանա Հաջիկյանը, 2011-2015 թվականների տարեկան հայտարարագրերի համաձայն, չի ունեցել որևէ խնայողություն և գույք: 2011 թվականին նրա եկամուտը կազմել է 1.08 միլիոն դրամ, 2012-ին՝ 1.08 միլիոն դրամ, 2013-ին՝ 1.44 միլիոն դրամ, 2014-ին՝ 1.44 միլիոն դրամ, 2015-ին՝ 1.44 միլիոն դրամ:

Նրա որդին՝ Հայկ Խալաթյանը, նույնպես գույք և դրամական միջոցներ չի հայտարարագրել: 2013 թվականին նրա եկամուտը կազմել է 162 հազար դրամ՝ ստացված կեսնաթոշակից, 2014-ին՝ 712 հազար դրամ՝ ստացված կենսաթոշակից և աշխատավարձից, 2015-ին նույնպես 712 հազար դրամ՝ ստացված կենսաթոշակից և աշխատավարձից:

Հ.Գ. Ավելի վաղ Իրավաբան.net-ն անդրադարձել էր մի բացառիկ քրեական գործի, որի դեպքում սոցիալապես անապահով ամբաստանյալի համար որպես պատիժ թե պաշտպանը, թե մեղադրող դատախազը միջնորդել էին պատիժ նշանակելիս կիրառել նաև Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ պայմանականորեն այն չկիրառելու պայմանով, սակայն դատարանը, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, ամբաստանյալին դատապարտել է չորս տարվա ազատազրկման. առանց ծնողական խնամքի են մնացել նրա չորս երեխաները: Այժմ այդ դատական ակտը բողոքարկվել է վերաքննիչ ատյանում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ