Մարտի 9-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է Հունան Գասպարյանին՝ առաջադրված մեղադրանքների 5 դրվագով, և մեկով՝ արարքը վերաորակել և ավելի մեղմ պատիժ է նշանակել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հունան Գասպարյանի պաշտպան, փաստաբան Թամարա Բաղդասարյանը:
Համաձայն մեղադրական եզրակացության, Հունան Գասապարյանը խարդախություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով իր ընկեր Կ. Նավոյանի հետ, նրանից վերցրել է Ա. Գալստյանից խաբեությամբ վերցրած անձնագիրն ու սոցիալական քարտը և 13.08.2013թ միասին գնացել են «Էյջթի էլեկտրոնիկս » ՍՊԸ-ի մասնաճյուղ, որտեղ ներկայացել է Ա. Գալստյան և ապառիկով գնել է համակարգիչ՝ «Յունիբանկ»-ին պատճառելով գույքային վնաս:
Թ. Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալն ընդունած է եղել իրեն մեղսագրված արարքը, սակայն դատարանը գտել է, որ խանութներից և բանկերից մի շարք ապառիկ ձևակերպումներն (նաև այլ անձանց անձնագրերով), գործարք է, այլ ոչ հափշտակություն: Փաստաբանը հույս է հայտնում, որ այս արդարացման դատավճիռը կդառնա նախադեպային: