Որևէ չափորոշիչով հանձնաժողովի նախագահը իրավունք չունի սահմանել, ըստ որի` կորոշեի, թե որ լրագրողը կամ էլ դիտորդն իրավունք ունի աշխատել ընտրական տեղամասում: Այսօր ՀՀ Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա` այս օրենսգրքում առկա են արհեստական սահմանափակումներ. «Տեխնիկական բազմաթիվ խառնաշփոթ կա, ինչո՞ւ ամեն տեղ` որքան հասկացա 15 ընտրատարածքներ, ինչո՞ւ մի անձը չի կարող ռեյտինգայինով առաջադրվել մեկից ավելի ընտրատարածքներում: Ես կուզենայի բոլոր ընտրատարածքներում ռեյտինգայինով դնել, ինչո՞ւ օրինակ` թեկնածուն մեկից ավելի ընտրատարածքներում ռեյտինգայինով դնելու իրավունք չունենա»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ մինչ այս իրենք խնդիր են ունեցել դիտորդների ու լրատվամիջոցների ներգրավվածության հետ, ըստ պարոն Հարությունյանի` շատ հաճախ թեկնածուների վստահված անձիք տեղամաս են ներկայանում լրագրողների հավատարմագրերով և իրականացնում դիտորդություն և հակառակը, այս խնդիրը պարոն Հարությունյանի փոխանցմամբ համատարած է, ուստի իրենք որոշել են սահմանափակումներ մտցնել ու չափորոշիչներ ներդնել:
Իսկ թե ինչո՞ւ նույն անձը չպետք է լինի մեկից ավելի ընտրատարածքներում, սա պարոն Հարությունյանի խոսքերով` սկզբունքային որոշում է. «Մենք որոշել ենք երկրում ուժեղացնել քաղաքական համակարգը: Հակառակ դեպքում, ընտրողը օտարվում է ընտրվողից, մենք որոշել ենք տեղերում նաև կուսակցություններին կայացնել»,- ասաց նա: