Ո՞ր դեպքում դատարանը կարող է թույլատրել բնակարանի խուզարկությունը

Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խուզարկություններին.

«Գործնականում հաճախ քննիչը բնակարանում խուզարկություն կատարելու միջնորդության մեջ վկայակոչում է միայն հետաքննության մարմնի գրությունը այն մասին, որ, օրինակ` գողոնը կարող է գտնվել Պ.Պ–ի բնակարանում։ Հետաքննության մարմնի գրության մեջ որևէ այլ կոնկրետ և առարկայական տվյալներ չեն նշվում։ Նման դեպքերում` արդյոք դատարանը պետք է կուրորեն բավարարի քրեական հետապնդման մարմնի միջնորդությունը և թույլատրի կատարելու բնակարանի խուզարկություն։ Կարծում ենք` դատական վերահսկողությունը պետք է լինի իրական և ամբողջական։ Հետաքննության մարմինը քննիչին ու դատարանին պետք է տրամադրի առարկայական տվյալներ, որոնք հնարավոր է ստուգել և գնահատել։

Երկար տարիներ գիտական բանավեճերի տեղիք տվող նշված հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը, 18.12.2015թ. ԵՇԴ/0073/07/15 որոշմամբ, արտահայտել է հավասարակշռված և հիմնավորված դիրքորոշում. «Խուզարկության կատարման փաստական հիմք կարող է հանդես գալ ցանկացած տվյալ, որը հնարավոր է գնահատման ենթարկել: Օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատկություններով (մասնավորապես` գործունեության գաղտնի մեթոդների և միջոցների կիրառումը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնապահությունը («Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված) պայմանավորված` մի շարք դեպքերում վարույթն իրականացնող մարմինը զրկված է գնահատելու օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տվյալները:

Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տվյալը հնարավոր է գնահատման ենթարկել, այն կարող է հանդես գալ որպես խուզարկության կատարման ինքնուրույն հիմք: Հակառակ պայմաններում` միայն վկայակոչված օպերատիվ տվյալի (անորոշ տվյալների` Ա.Ղ.) հիման վրա խուզարկություն կատարելու թույլտվություն տալը կբովանդակազրկի քննարկվող քննչական գործողության նկատմամբ դատական վերահսկողության էությունը, այն դարձել է ձևական, իսկ անձի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը` վերացական և պատրանքային, ինչն անթույլատրելի է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել