Բնական գազի մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով:
Բնակիչ-բաժանորդները և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունները գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմում են մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին:
Մատակարարը պարտավոր է 15-օրյա ժամկետում քննարկել դիմումը, անհրաժեշտ փոփոխություններ կատարել գազասպառման համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորման փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում մատակարարը պարտավոր է դիմողին ներկայացնել գրավոր հիմնավորում:
Գազասպառման համակարգում փոփոխությունները (նոր գազատարի կամ ծխատարի կառուցում, հաշվառքի սարքի վերահավաքակցում և այլն) կատարվում են նոր միացման պայմանագրով սահմանված կարգով:
Գազասպառման համակարգի հավաքակցման և օգտագործման ընթացքում արգելվում է.
- կատարել գազաթողարկման կատարողական-տեխնիկական փաստաթղթերին և նախագծին չհամապատասխանող միացումներ և փոփոխություններ,
- գազը սպառել գազասպառման համակարգի անսարքության դեպքում,
- գազը սպառել հաշվառքի սարքի շրջանցմամբ,
- խախտել գազատարների և գազասարքավորումների պահպանման գոտիները,
- ինքնակամ միացումներ կատարել գազամատակարարման ցանցին, գազն օգտագործել գազօգտագործող սարքավորման տեխնիկական փաստաթղթով (անձնագրով) չնախատեսված նպատակներով:
Կարևոր է նաև իմանալ, որ մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը հետևյալ դեպքերում.
- ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները,
- վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքերում,
- գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,
- ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը բնակիչ-բաժանորդի ներտնային գազասպառման համակարգի տեղակայման տարածք խոչընդոտելու դեպքում,
- սահմանված կարգով և ժամկետներում մատակարարված (վերահաշվարկված) գազի կամ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում,
- օրենքով կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքված Պայմանագրով սահմանված այլ դեպքերում: