Այսօր օրինական ուժի մեջ մտավ 2016 թվականի փետրվարի 18–ին ՀՀ կառավարության ընդունած N 135-Ն որոշումը, որով սահմանվել է ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը։
Այդ կարգով կարգավորվում են արտագնա մաքսային ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների` մաքսային գործին վերաբերող օրենսդրության խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման համար անձի կողմից կատարված ծախսերը մաքսային մարմինների կողմից փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածին համապատասխան իրականացված արտագնա մաքսային ստուգման արդյունքում առգրավված և ժամանակավոր պահպանության պահեստում տեղակայված ապրանքների պահպանման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե մաքսային ստուգման ընթացքում Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտումներ չեն բացահայտվել:
Մաքսային մարմինների կողմից ծախսերը փոխհատուցվում են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 136-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված անձի դիմումի (այսուհետ` դիմում) հիման վրա:
Դիմումը ներկայացվում է այն մաքսային մարմնի ղեկավարի անվամբ, որն առգրավել է ապրանքները:
Դիմումում նշվում են հետևյալ տեղեկությունները`
1) դիմումատուի անունը, հայրանունը, ազգանունը.
2) դիմումատուի անձնագրի տվյալները.
3) դիմումատուի փաստացի բնակության վայրը.
4) ծախսերի փոխհատուցման հիմքը.
5) ապրանքները ժամանակավոր պահպանության պահեստում տեղակայելու ամսաթիվը.
6) ժամանակավոր պահպանության պահեստը տիրապետողի անվանումը.
7) դրամական միջոցների փոխանցման նպատակով բանկային հաշվի վավերապայմանները:
Դիմումին կից ներկայացվում են`
1) ժամանակավոր պահպանության պահեստում ապրանքների պահպանման ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակները.
2) մաքսային ստուգման ժամանակ առգրավված ապրանքների վերադարձման վերաբերյալ արձանագրության կրկնօրինակը: