Իրավաբան.net-ը ավելի վաղ ներկայացրել էր այժմ արդեն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը, երբ նա դեռևս աշխատել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնում: Օրեր առաջ Գ. Կուտոյանը ներկայացրել է նաև 2015 թվականի տարեկան և 2016-ին նոր պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրերը:
Այսպիսով, 2015 թվականի սկզբին նա ունեցել է 2 միլիոն դրամ խնայողություն, որը տարեվերջին կիսով չափ պակասել է՝ դառնալով 1 միլիոն դրամ: Իսկ այս տարվա եկամուտը կազմել է 6.84 միլիոն դրամ, որը ստացվել է բացառապես աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունից:
Այս տարվա ընթացքում նրա կինը՝ Հասմիկ Բիշարյանը, բազմաբնակարան շենքում բնակարան է ձեռք բերել՝ 48 միլիոն դրամով: Այս բնակարանը նա ստացել է որպես նվիրատվություն: Ինչպես այս տարվա, այնպես էլ նախորդ տարիների ընթացքում նա որևէ եկամուտ չի ունեցել: Տարեսկզբին նրա խնայողությունները եղել են 4 միլիոն դրամ, որոնք տարեվերջին մնացել են անփոփոխ:
2015 թվականի ընթացքում նրա հայրը՝ Կարեն Կուտոյանը, ունեցել է 2.45 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից: Գույք, դրամական միջոցներ չի հայտարարագրել: Նրա մայրը՝ Ալիսա Կուտոյանը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2015-ին որևէ եկամուտ և գույք չի ունեցել:
2016 թվականին ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելիս Գեորգի Կուտոյանը հայտարարագրել է 1 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 հատ MERCEDES-BENZ E 320 4 MATIC ավտոմեքենա և 1 միլիոն դրամ:
2011 թվականից մինչ օրս նրա գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունները համապարփակ ներկայացված են ինֆոգրաֆիկայով: