«Բիզնես» կարգի տոմսերը շարունակվում են թանկ նստել պետբյուջեի վրա

Իրավաբան.net-ի վերջին մեկ տարվա հետևողական լուսաբանումները ցույց են տալիս, որ, որպես կանոն, նախարարները նախընտրում են «բիզնես» կարգի տոմսերը, որոնք նվազագույնը կրկնակի անգամ թանկ են լինում «էկոնոմ» կարգի տոմսերից:

Սական դեռևս դեկտեմբերի 19-ի կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ճանապարհորդելու քաղաքականությունը փոխելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում և ենթադրվում է, որ այս տարվա փետրվար-մարտ ամիսներից սկսած կգործի տոմսերի պատվերի կենտրոնացված համակարգ:

Համաձայն այդ նոր քաղաքականության՝ պետական կառույցների բոլոր աշխատողները պետք է ուղևորվեն «էկոնոմ» դասի չվերթերով, ընդ որում` գնվում է ամենաէժան տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխություն: Նախարարները նույնպես պետք է ճանապարհորդեն «էկոնոմ» դասի տոմսերով, և միայն անվտանգության խորհրդի անդամները կճանապարհորդեն «բիզնես» դասի տոմսերով:

Փետրվար ամիսն արդեն իսկ վերջացել է, մարտ ամսի առաջին տասնօրյակն էլ ավարտվում է, սակայն դեռևս որևէ նորություն չկա տոմսերի գնման ոլորտում նոր կարգավորումների մշակումից: Եվ պետական կառույցները շարունակում են «բիզնես» կարգի ավիատոմսեր գնել:

Օրինակ, փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևան-Մոսկվա-Բյուսել-Մոսկվա-Երևան ուղղություններով գնել է 6 հատ տոմս, որից մեկը «բիզնես», 5-ը՝ «էկոնոմ» դասի: Հետաքրքիրն այն է, որ 1 հատ «բիզնես» դասի տոմսի համար վճարվել է 1.035 միլիոն դրամ, իսկ 5 հատ «էկոնոմ» դասի տոմսերի համար՝ 1.24 միլիոն դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրի համար 248 հազար դրամ:

Այսինքն, տվյալ դեպքում պետական բյուջեի վրա ավելի քան 4 անգամ թանկ է նստել «բիզնես» կարգով ուղևորությունը: Безымянный2

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ