35-մայ Գոռ Ստեփանյանը մեղադրվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունից շուրջ 73 միլիոն դրամի դիզելային վառելիքի հափշտակության համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրա պաշտպան Գարիկ Խաչատրյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի հանդեպ առաջադրված մեղադրանքն անհիմն է, նաև որպես խափանման միջոց կալանքը ընտրվել է առանց ապացույցների հիմնավորման:
Նա պատմեց, որ Գոռը կոմբինատում աշխատել է 2015 թվականի հունվարից մինչև մայիս ամիսը՝ որպես ավագ երթակարգավար: Կոմբինատում հաճախ չպլանավորված իրավիճակներ են եղել և բնականոն աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է եղել անսարք մեքենաների համար դիզվառելիքի կեղծ ուղեգրեր գրել: Գոռ Ստեփանյանը ընդունում է, որ կեղծ ուղեգրեր գրել է և դուրս է գրել վառելիքը, որը սակայն ուղղվել է կոմբինատի բնականոն աշխատանքը ապահովելուն, չի յուրացվել այն:
Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը տվել է մի շարք բացատրություններ, թե ինչու է կեղծ ուղեգրեր գրել, սակայն այդ ուղղությամբ քննություն չի տարվել, հարցաքննություններ, առերեսումներ չեն արվել:
Նշենք, որ համաձայն մեղադրանքի՝ Գոռ Ստեփանյանն իր անմիջական ղեկավար Կարենի Եդիգարյանի հետ համաձայնությամբ փաստաթղթերի կեղծմամբ և խարդախությամբ իրավունք է ձեռք բերել ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի արժողության ՝ 73.670.548 ՀՀ դրամի բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ:
Փաստաբան Գ. Խաչիկյանը հայտնեց, որ մեղադրանքն առաջադրելուց հետո Գոռի հանդեպ խափանման միջոց կալանավորումն է ընտրվել: Սակայն նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին խափանման վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը, կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, բավարարել է: Սակայն Գոռը երկար չի մնացել ազատության մեջ, վերաքննիչ դատարանը այս տարվա հունվարի 11-ին որոշել է կալանքի տակ առնել նրան:
Փաստաբանը նշում է, որ կալանքի տակ է առնվել, քանի որ Գոռի հանդեպ առաջադրված մեղադրանքը փոփոխվել և խստացվել է (ի սկզբանե մեղադրվել է 88 ուղեգիր կեղծելոը և 3.85 միլիոն դրամի վառելիք հափշտակելու համար, այժմ նշվում է, որ կեղծվել է 1875 ուղեգիր և հափշտակվել է 73.67 միլիոն դրամի վառելիք): Ի դեպ, Գ. Խաչիկյանի խոսքով, նախաքննության ընթացքում նշանկվել է դատահաշվապահական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո միայն հնարավոր էր պարզել հանցագործության ծավալների մասին, սակայն մինչ այժմ փորձաքննության եզրակացությունը չկա, մինչդեռ իր պաշտպանյալի հանդեպ մեղադրանքը խստացվել է:
Գ. Խաչիկյանը նշեց նաև, որ անհիմն է կալանքի ընտրության որոշումը: Նշվում է, թե նա կարող է խուսափել նախաքննական մարմնից, կամ ազատության մեջ գտնվելով ազդել գործի քննության վրա, քանի որ թե նա, թե գործով անցնող վկաների հիմնական մասը Քաջարանի բնակիչներ են: Սակայն պաշտպանը այլ հակադարձում է, որ Գոռից բացի, Քաջարանում են բնակավում նաև նրա ծնողներն ու մյուս հարազատները, սակայն նախաքննության 9 ամիսների ընթացքում որևէ վկայի հանդեպ ազդելու գեթ մեկ փորձ չի կատարվել: Ինչ վերաբերում է նախաքննական մարմնից խուսափելուն, պաշտպանը պատմեց, որ երբ վերաքննիչ դատարանը քննում էր իր հանդեպ խափանման միջոցի ընտրության հարցը, ներկա է եղել նիստին, իսկ հետո էլ երկար սպասել է մինչև կալանքի տակ առնելու վերաբերյալ որոշումը վերցրել են, սպասել է մինչև ոստիկանները եկել և նրանց ուղեկցությամբ տեղափոխվել է կալանավայր:
Գոռի հանդեպ խափանման միջոց ընտրելու որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով, սակայն դեռևս հայտնի չէ՝ վարույթ ընդունվել է բողոքը, թե՝ ոչ:
Փաստաբանը հայտնեց նաև, որ Գոռն ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, դրական է բնութագրվում, նախկինում արարատավորված չի եղել: