Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է քաղաքաշինության ոլորտում համապատասխան ստորաբաժանումների բացթողումներին՝ հատուկ նշելով Ամիրյան 2-ի դեպքերը: Քաղաքապետը մասնավորապես պահանջել է պարզաբանել փետրվարի 20-ին մայրաքաղաքի Ամիրյան 2 հասցեում մեկնարկած երկհարկանի շինության ճակատային հատվածի ապամոնտաժման շուրջ առաջացած աղմուկն ու հստակեցնել խնդիրը:
«Այնպիսի տպավորություն է, թե վերջին շրջանում քաղաքային իշխանության համապատասխան ծառայություններն ընդհանրապես չեն կարողանում ճիշտ աշխատել, ինչն իր հերթին բերում է հանրության արդարացի դժգոհությանը: Մայրաքաղաքի հուշարձան շենքերի և, առհասարակ, հին Երևանի պահպանման հարցում մեր համաքաղաքացիների կողմից վստահության ակնհայտ պակաս կա քաղաքային իշխանությունների նկատմամբ, ինչը կարող եմ գնահատել որպես ձեր խիստ թերի աշխատանքի հետևանք: Ու այս մասով մենք շատ անելիք ունենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր համաքաղաքացիների վստահությունը: Իսկ դրան հնարավոր է հասնել բացառապես համապատասխան ծառայությունների կոշտ դիրքորոշման և ակտիվ գործունեության շնորհիվ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետին զեկուցվել է, որ արտաքին գործերի նախարարության շենքից դեպի ձախ գտնվող, 1896 թվականին կառուցված արական գիմնազիայի երկհարկանի հուշարձան շենքի պահպանված ճակատամասին կից 1980-ական թվականներին կառուցվել է երկհարկանի կցակառույց, որը չհանդիսանալով հուշարձան շենքի մաս, նախանշվել է որպես ապամոնտաժման ենթակա հատված:
Պատասխանատուները նաև նշել են, որ հուշարձան չհանդիսացող կցակառույցի պահպանման հարցը բազմիցս քննարկվել է մասնագիտական շրջանակներում, այդ թվում՝ ՀՀ մշակույթի նախարարությունում, և հուշարձան շենքի ճակատային մասի ընդգծման և արժևորման նպատակով, հավանություն է տրվել ապամոնտաժել հուշարձան չհանդիսացող կցակառույցի հատվածը: Նաև նշվել է, որ այս պահին տվյալ աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, մինչև հարցը լրացուցիչ ևս մեկ անգամ քննարկվի մշակույթի նախարարության հետ:
Ներկայացված պարզաբանումն, այնուամենայնիվ, չի գոհացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով նկատել է, որ հանրությանը պետք է նախապես իրազեկել Երևանում իրականացվող քաղաքաշինական այս կամ այն լուծումների մասին՝ տարընկալումներից զերծ պահելով իրականացվող գործընթացները:
«Շատ դեպքերում այսօր ի հայտ են գալիս տարիների ընթացքում կուտակված խնդիրներ և այդ մասին պետք է հստակ տեղեկացնել հանրությանը: Քաղաքաշինության մասով բոլոր խոշոր ներդրումային ծրագրերը պետք է ներկայացվեն հանրային քննարկման, իսկ քաղաքաշինական փաստաթղթերը պետք է տրվեն ավելի հստակեցված», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ավելացրել, որ մասնավորապես Ամիրյան 2 հասցեի հուշարձան շենքի հետ կապված որևէ ոտնձգություն թույլ չի տրվելու, իսկ նման փորձ կատարողներն էլ կենթարկվեն պատասխանատվության:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է գույքագրել և ապամոնտաժել մայթերին տեղադրված և քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները:
«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ գովազդային վահանակների տեղադրման թույլտվություն տրամադրելիս որևէ կերպ հաշվի չի առնվում քաղաքացիների տեղաշարժի խոչընդոտ լինելու հանգամանքը, մինչդեռ այդ մասով հստակ է մեր պահանջը: Բայց այդ պահանջը ոմանք շրջանցում են ու այս հարցում մեղավորության մեծ բաժինը հենց մեր պատասխանատուներինն է, ովքեր պարտավոր են լինել տեղում և վերահսկել, որ դրանք տեղադրվեն սահմանված հատվածում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կկամենա պատվիրատուն: Գույքագրեք առկա գովազդային վահանակները, որոնք խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը և համապատասխան քայլեր ձեռնարկեք դրանց ապամոնտաժման ու սահմանված հատված տեղափոխելու ուղղությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 5 դեպք: Շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով էլ կազմվել է 3 արձանագրություն: Շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ: Նախորդ շաբաթ հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 7 կրպակ: Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 43 դեպքի մասով: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ակտիվացնել աշխատանքները:
Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Շարունակվում են նաև անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօյա խիստ հսկողությունը:
Մայրաքաղաքում կանաչապատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ սկսված են նախապատրաստական աշխատանքները: Ներկրվում են նաև անհրաժեշտ թփեր և ծաղկատեսակներ: Մարտի 1-ից կսկսվի ծառերի սանիտարական էտը: Հանձնարարվել է էտի մեկնարկից առաջ հանրությանն իրազեկել նախատեսված գործընթացի մասին՝ ավելորդ քննարկումները բացառելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն