Փաստաբանների պալատում տեղի է ունեցել շախմատի առաջնություն

ՀՀ փաստաբանների պալատում այսօր՝ փետրվարի 20-ին, տեղի է ունեցել շախմատի առաջնություն փաստաբանների միջև: Մրցության մասնակցության հայտ են ներկայացրել երկու տասնյակ փաստաբաններ, ովքեր իրենց շախմատային գիտելիքները փորձել են միմյանց դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից։

Փաստաբանները մրցել են 7 րոպե + 2 վայրկյան ձևաչափով (երկու անհնարին քայլի դեպքում համարվում է պարտություն):

Այս առաջնությունը տարբերվել է նրանով, որ փաստաբան շախմատիստների հետ համաժամանակյա խաղ է անցկացրել գրոսմայստեր, օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Լևոնի Պետրոսյանը: Համաժամանակյա խաղի ընթացքում 15 փաստաբաններից 13-ը պարտվեցին, իսկ երկուսը (փաստաբաններ Արթուր Ալիխանյանը և Սուրեն Պետրոսյանը)՝ գրանցեցին ոչ ոքի: Առաջնությունը վարել է միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:

Մրցանակային երրորդ տեղն է գրավել Արթուր Դավթյանը: Երկրորդ տեղում էր՝ Աշոտ Շահմուրադյանը: Պատվավոր առաջին տեղը գրավել է փաստաբան Արմեն Վարդանյանը: Մրցանակակիրները ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից ստացել են մեդալներ և պատվոգրեր:

Առաջնությունը կազմակերպել է ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը՝ ի դեմս ակումբի համակարգող փաստաբան Վրեժ Խաչիկյանի:

Լուսանկարը՝ ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել