38-ամյա Գևորգ Ա.-ն մեղադրվում է կնոջն ու դսուտրերին սպանելու սպառնալիքների և այդ սպառնալիքներն իրականացնելու փորձ կատարելու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա 2015 թվականի հոկտեմբերի 6-ին զանգահարել է նախկին կնոջը. կինն ու դուստրը ասել են, թե իրեն տեսնելու և իր հետ շփվելու ցանկություն չունեն: Դրանից վրդովված հեռախոսազրույցի ընթացքում սպանության սպառնալիքներ է հնչեցրել ինչպես նախկին կնոջն ու դստերը, այնպես էլ մյուս երկու դստրերի հասցեին:
Իսկ հետո սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ ստեղծելու միտումով, վերջիններիս վախեցնելու և նրանց մոտ տագնապի ու անվտանգության համար անհանգստության զգացում ստեղծելու համար ուղևորվել է մոտակա բենզալցակայան, գնել 2 լիտր տարողությամբ դիզելային վառելիք և գնացել նախկին կնոջ բնակության վայր, որտեղ դիզելային վառելիքը լցրել է պատուհանների վրա ու տան շրջակայքը և հեռացել:
Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: