ԿԸՀ-ն պետբյուջե է վերադարձրել ավելացած գումարը

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Իրավաբան.net-ն անդրադարձել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին անհետացող թանաքի ձեռբերման համար հատկացված միջոցներին և թանքի ձեռքբերման խնդիրներին: Պարզել էինք, որ թանաքի գնման պայմանագրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առավել մեծ թիվ էր նշել, քան իրականում վճարել էր Baleno Sustainable Global Development ընկերությանը՝ ապրանքի ձեռքբերման համար:

Մասնավորապես, gnumner.am  կայքում տեղակայված գնման փաստաթղթում նշվել էր, որ  2015 թվականի հոկտեմբերի 12-ին ԿԸՆ-ն անհետացող թանաքի և դրոշմակնքման բարձիկների ձեռքբերման համար վճարել է 21 միլիոն 373 հազար դրամ (շուրջ 45090 դոլար): Սակայն ԿԸՀ-ի և Baleno Sustainable Global Development ընկերության միչև կնքված պայմանագրի համաձայն, ներառյալ ճանապարհածախսը մինչև Թբիլիսի, կազմել է 39994 դոլար:

Իրավաբան.net-ի կրկնակի հարցումներից հետո, ի վերջո, ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լևոն Գևորգյանը պատասխանել էր, որ կառավարության հատկացված գումարից փաստացի ծախսվել է 24735.760.2 դրամ. «Մնացորդը կազմում է 2.554.099.8 դրամ, որը, համաձայն գործող կարգի, 2015 ֆինանսական տարվա ավարտին կվերադարձվի ՀՀ պետական բյուջե»:

Հետամուտ եղանք նաև, թե ի վերջո, վերադարձվել է ավելացած գումարը պետական բյուջե: Մեր հարցմանն ի պատասխան ֆինանսների նախարարությունից պատասխանել են. «Հայտնում ենք, որ 2015թ. հունիսի 18-ի «ՀՀ ԿԸՀ-ին գումար հատկացնելու և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 663-Ն որոշման համաձայն, ՀՀ ԿԸՀ-ին 06.07.2015թ. հատկացվել է 27289860 դրամ գումար, որից 2554099.8 դրամ գումարը ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 68-րդ կետի համաձայն, 30.12.2015թ. վերադարձվել է ՀՀ պետական բյուջե»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ