Ողջ աշխարհում բենզինի գները իջնում եմ ավելի բարձր տոկոսային հարաբերակցությամբ, քան Հայաստանում: Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Նա համեմատության համար թվեր բերեց, ըստ նրա՝ մեր երկրում բենզինի գինը վերջին տարվա ընթացքում ընկել է ընդամենը 11 տոկոսով, մինչդեռ ՌԴ-ում՝ 33 տոկոսով, Չեխիայում՝ 20, Գերմանիայում և Ֆրանսիայում՝ 18: Վրաստանում 3 ամսվա կտրվածքով գինը պակասել է 16,7 տոկոսով, իսկ Հայաստանում ընդամենը՝ 4 տոկոսով:
Նա նաև ասաց, որ մեր երկրում գազի ներմուծման մենաշնորհային իրավիճակ է ստեղծված:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ բենզինի գները անհանգստացնում են նաև կառավարությանը, նա տեղեկացրեց, որ գործադիրը դիմել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնժողովին , համապատասխան քննությունից հետո, կներկայացվի կառավարության եզրակացույթունն ու վերլուծությունը:
Ինչ վերաբերում գազի պայմանագրին, ապա ըստ պարոն Գաբրիելյանի՝ որևէ պայմանագրում նշված չէ մոնոպոլիայի մասին, կառավարությունը կարող է այլ աղբյուրներից, տվյալ դեպքում Իրանից գնելու գազ, սահմանափակումներ չկան: Այս երկրի հետ կառավարությունը բանակցություններ է վարում: