ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում էր թույլատրել «Երևանի Բ.Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2016-2017 ուսումնական տարվանից կատարելու 5-9-րդ դասարանների ընդունելություն՝ ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման նպատակով, կազմավորելով առավելագույնը երկու դասարան:
Երևանի թիվ 119 ավագ դպրոցը գտնվում է Տիգրան Մեծի 64 հասցեում, դպրոցի հզորությունը 650 է, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների սովորողների թիվը՝ 180, իսկ 10,11 և 12-րդ դասարանների սովորողների թիվը՝ 80 այդ թվում՝ ֆրանսերեն սովորողների թիվը՝ 260: Ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու համար դպրոցն ունի կից կառույց: Ըստ նախագծի` Երևանի թիվ 119 ավագ դպրոցն ունի Ֆրանսերենի դասավանդման փորձ, ավանդույթ, մանկավարժական ներուժ, որի միջոցով տարիներ շարունակ դպրոցում պահպանվել է ֆրանսերենի ուսուցում:
Նախարարի տեղակալն ասաց, որ այս դպրոցում յուրաքանչյուր տարի աստիճանական մարման տարբերակով փակվում է միջին դպրոցի մեկ դասարան, որը հանգեցնում է սովորողների թվաքանակի նվազման: Հետագայում Երևանի թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպումն անհնարին կլինի իրականացնել առանց միջին դասարանների սովորողների:
Բացի այդ, ներկայացված նախագծից պարզվեց, որ դպրոցին թույլատրվելու է ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման նպատակով կազմավորելով առավելագույնը երկու դասարան:
«Ինչո՞ւ եք սահմանափակում, կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում այդ ամենի մեջ»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարի տեղակալը միայն ասաց, որ իրենք հիմվել են վիճակագրության վրա. «Ուղղակի ֆինանսավորումն սահմանափակ թվաքանակի համար է»,- հավելեց նա: