Կլինի բուք, մերկասառույց, ցածր տեսանելիություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 23-24-ին հովտային գոտիներում՝ թաց ձյուն: Հունվարի 23-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ: 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Իսկ այսօր ժամը 14.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (բացառությամբ կցորդիչով բեռնատարների)` անվաշղթաների կիրառման դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել