Այսօր կառավարության նիստում հաստատվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացված երեք նախագծերը: Դրանցից առաջնայինը երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգերի մեջ արված փոփոխություններն են:
«Մենք վերջին ուսումնասիրություններով որոշակի մտահոգություններ ունեցանք այն առումով, որ բժշկական ապահովագրության ծախսի ու գումարների հետ կապված որոշակի ռիսկեր եկել ի հայտ եկել: Մեր քաղաքացիները ապահովագրական ընկերությունների հետ պայմանագրեր էին կնքում և ըստ էության գումարները ամբողջությամբ մեր քաղաքացիներին չէր հասնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Արտեմ Ասատրյանը: Նա հավելեց, որ հաշվի առնելով այս ռիսկեր՝ վարչապետը հանձնարարել է լուծումներ գտել. «Նախագծով՝ առաջինը՝ մենք նախատեսեցինք այս որոշմամբ, որ մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը ընտանեկան դրամագլխի միջոցները քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ամսական վճարումների տեսքով՝ 25 հազար ՀՀ դրամի չափով: Միևնույն ժամանակ սահմանեցինք, որ ծննդյան միանվագ նպաստի գումարի ուղղակիորեն վճարման մասը՝ կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով»,- ասաց նախարարը:
Բացի այդ, այս ոլորտում առկա է եղել կոռուպցիոն ռիսկեր: 2014-2015թ.-ի երեք ուղղություններով ընտանեկան դրամագլխի միջոցները ծախսվել էին երեք ուղղություններով և ծախսվել էր շուրջ 200 մլն դրամ 6 մլրդ դրամից. «Սակայն, հոկտեմբեր, նոյեմբեր և մինչև դեկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում, մենք ունեցել ենք բժշկական ծախսերի շեշտակի աճ՝ մինչև 200 մլն ՀՀ դրամի չափով, սա մտահոգիչ էր, իրականացվեց վերլուծություններ, այստեղ մենք կարող ենք արձանագրել որոշակի կոռուպցիոն ռիսկեր, իրականում այդ ծառայությունների վերաբերյալ պայմանագրերը չէին կարող ամբողջությամբ ուղղված լինել այն խնդրի լուծմանը, որին ուղղված էր այդ գումարների նպատակային նշանակությունը»,- շեշտեց պարոն Ասատրյանը: