Որո՞նք են գրիպի հիմնական նշանները

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:

Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`

• ջերմության բարձրացում` 380C–ից բարձր,

• հազ,

• հարբուխ,

• կոկորդի ցավ,

• գլխացավ,

• մկանացավ,

• փորլուծություն և փսխում:

Եթե երեխան բժշկի հսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա`

• հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր),

• կարևոր է հսկել մարմնի ջերմաստիճանը և ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր),

• երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ ԱՍՊԻՐԻՆ և/կամ ԱՍԿՈՖԵՆ,

• հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում,

• պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը:

Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

Երեխային անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`

• առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ,

• երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել,

• շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց,

• երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո,

• առկա են ցնցումներ,

• առկա է հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ,

• երեխան անսովոր գերգրգռված է,

• առկա է ծանր ջրազրկում,

• եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է,

• երեխան ունի որևէ այլ քրոնիկ հիվանդության սրացում:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Նշենք նաև, որ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ իրականացված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների և առողջապահական համակարգի արտակարգ ռեժիմով աշխատանքի շնորհիվ, տոնական օրերին հնարավոր եղավ խուսափել տասնյակ ուշացած դեպքերից, խոսել փրկված կյանքերի մասին:

Ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության տվյալների՝ տոնական օրերին` հունվարի 12-ը ներառյալ, 12 584 քաղաքացի է դիմել բժշկական օգնության: Նշվեց, որ այժմ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում հանգիստ է:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց դեղերով ապահովվածության գործընթացին: Կարևորվեց բուժումը ճիշտ ընթացակարգերով և սահմանված նորմատիվներով իրականացումը: Նախարարը հանձնարարեց հատկապես հղիների, ինչպես նաև ապաքինված հիվանդների, երեխաների նկատմամբ սահմանել հսկողություն, իրականացնել համայցեր: Առկա իրավիճակում բժշկական կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակները կանխարգելելու և վերջիններս բեռնաթափելու նպատակով Արմեն Մուրադյանը հանձնարարեց ուժեղացնել առաջնային օղակի աշխատանքը, ուր վերջին օրերին արձանագրվել է դիմելության անկում: Նշենք, որ ամբուլատոր ցանցը ևս ապահովված է անհրաժեշտ հակավիրուսային դեղերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել