Գեղարքունիքի մարզում պետական եկամուտների հավաքագրման  ոլորտի կոռուպցիոն ռիսկերն աճում են

ՀԵԻԱ   Գեղարքունիքի  մարզային   մասնաճյուղում դեկտեմբերի 21-ին  կայացել է «Կոռուպցիոն  ռիսկերը  Գեղարքունիքի մարզում պետական եկամուտների հավաքագրման  ոլորտում» հերթական հակակոռուպցիոն միջոցառումը, մարզի ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, իրավաբանների և իրավապաշտպանների մասնակցությամբ:

Իր ելույթում ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի  ղեկավար Նելլի   Հայրապետյանը  նշեց, որ  մարզում պետական եկամուտների հավաքագրման  ոլորտում առկա  կոռուպցիոն  ռիսկերը  աճում  են, որին պետք  է  հետևողական լինել: Այս  ոլորտում   առկա  կոռուպցիոն  դրսևորումների  դեմ  պայքարելու  համար  մեզ  անհրաժեշտ են  քաղաքացիների   անմիջական  մասնակցությունը այս  գործին, ինչպես  նաև  մարզի ՔՀԿ-ների  և  ԶԼՄ-ների   համագործակցությունը:

«Չնայած  ՀՀ  Կառավարության  կողմից այս ոլորտում արված բարեփոխումներին,   այնուամենայնիվ    մարզի  տարածքային  հարկային  տեսչություններում   կոռուպցիոն   ռիսկերը  և  դրսևորումները աճում են,  նշեց  «Ռուսական  համայնք»  ՀԿ-ի  նախագահ   Սիրանույշ  Մանուկյանը, –  «Կարծում եմ՝ երևույթին նպաստում  է  նաև   մարզի  բնակչության  իրավական  իրազեկության  ցածր  մակարդակը»:

Այնուհետ քննարկումներին հաջորդեցին հարց-պատասխանները` մասնակիցների  կողմից: Զեկույցով  հանդես  եկավ  մարզի  ՔՀԿ-ների  հակակոռուպցիոն  կոալիցիայի   նախաձեռնող  խմբի  անդամ, Գավառի  «Բիզնես  կենտրոն»  ՀԿ-ի  նախագահ  Անահիտ  Շահզադյանը:   Նա   ներկայացրեց «Մոնիթորինգը՝  որպես  կոռուպցիոն  ռիսկերի  նվազեցման գործիք պետական եկամուտների  հավաքագրման ոլորտում»  ծրագրի շրջանակներում վեր հանված խնդիրներն ու առաջարկությունները, ըստ  նրա՝  համաձայն գործող օրենսդրության ու այլ իրավական ակտերի պահանջների, հարկատուն հավասար պայմանների դեպքում կարող է իրականացնել արդյունավետ տնտեսական գործունեություն: Սակայն առկա են լուծում պահանջող համակարգային խնդիրներ, նաև առկա են խնդիրներ, որոնց զարգացմանը  նպաստում են հենց հարկատուները՝ չգնահատելով իրենց պարտականությունների կատարումը, չճանաչելով իրենց իրավունքները: Մոնիտորինգի արդյունքների ամփոփումից պարզվեց, որ հարցվողների մեծ մասը լավ տեղեկացված չէ ոլորտը կարգավորող օրեսդրությանը, չի վարում հաշվապահական և ֆինանսական հաշվառում: Կոռուպցիոն ռիսկերը պայմանավորված են նաև հարկատուների վատ իրազեկվածությամբ, որը հնարավորություն չի տալիս ցանկացած պահի գնահատել հարկային տեսուչի գործողությունների օրինականությունը:

 Տիկին  Անահիտը  ներկայացրեց  նաև  բարձրացված  խնդիրների  լուծմանն  ուղղված  մի  շարք  առաջարկություններ՝   ավելի հաճախ կազմակերպել քննարկումներ, տեղեկատվական սեմինարներ, բարձրացնել հարկատուների իրազեկվածության մակարդակը, պետական եկամուտների հավաքագրումը պլանավորելիս հաշվի առնել մարզերում գոյություն ունեցող տնտեսական վիճակն ու բիզնես միջավայրը, պլանավորումը համապատասխանեցնել հարկ վճարողի հաշվարկների հետ, հարկային ծառայողի վարքագծի սահմանած կանոնների կիրառումը հասցնել ցանկալի մակարդակի, ինչպես նաև հնարավորինս նվազեցնել հարկային տեսուչի և հարկատուի անձնական շփումները, նպաստել արդյունավետ երկխոսություն սկսելուն հարկային տեսչության և ՓՄՁ միջև, ստեղծել աշխատանքային անկաշկանդ և վստահության վրա հիմնված մթնոլորտ, նպաստել հանրային վերահսկողության մեխանիզմների ստեղծմանը և դրանց կիրառմանը:

Ի վերջո պետական եկամուտների հավաքագրման ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը ունեն օբյեկտիվ բնույթ, դրանք համակարգային խնդիրներ են՝ պայմանավորված ընթացա-կարգերի որոշակի շեղումների կիրառմամբ, հարկատուների բարենպաստ բիսնես միջավայրում տնտեսավարելու հնարավորության բացակայությամբ, ինչպես նաև մեծամասամբ նրանց ոչ գրագետ տնտեսավարմամբ:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ